Ամերիկացի կոնգրեսմենը նամակ է հղել Վրաստանի վարչապետին

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչական պալատի անդամ, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մարկվեյն Մալինը բաց նամակ է ուղղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային, որտեղ իր վրդովմունքն է հայտնում ժողովրդավարական արժեքներից շեղվելու և երկրում գրանցված տնտեսական իրավիճակի վատթարացման հետ կապված:

Հունվարի 13-ին հրապարակված նամակում կոնգրեսմենը նշում է, որ միանում է իր գործընկերներ Ադամ Կիզինգերի և Գերի Քոնոլի նամակին, որում խոսքը վերաբերում է չիրականացված խոստումներին:

Կոնգրեսմենի խոսքով, չնայած անկախությունից հետո ժողովրդավարության ու տնտեսության առումով դրական ցուցանիշին, Վրաստանը ժողովրդավարության ու ազատ շուկայի տնտեսության բացասական միտում է գրանցել, որն ԱՄՆ-ում աչքաթող չի եղել:

Կոնգեսմենն օրինակ է բերել ֆեյսբուք սոցիալական ցանցից բոտերի մեծ քանակի պատճառով պետական անձանց էջերի մաքրումը:

Մարկվեյն Մալինը նշել է, որ 2019 և 2020 տարիները բյուջեի մասին օրենքում, որն ընդունել են կոնգրեսի երկու պալատները, ինչից հետո ստորագրել է նախագահը, տեղ է գտել նաև վրդովմունք` Վրաստանի ժողովրդավարության, ամերիկյան բիզնես շահերի ու ազատ շուկայի հանդեպ թշնամական գործողությունների մասին:

«Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ձեր պետությունը ԱՄՆ-ի բյուջեի օրենքում քննարկվել է որպես բացասական երևույթ»,- գրել է կոնգրեսմենը: Նամակը հասանելի է նաև թվիթեր սոցիալական ցանցում: