Ամերիկացի զույգը հարսանիքի տարեդարձը նշել է վրացական տարազով

Ամերիկացի ամուսիններ Էնդրյու և Ադրիանա Մըքդերմոթները հարսանիքի 7-րդ տարեդարձը նշել են վրացական ազգային տարազի հայտնի հագուստներով: Էնդրյուն՝ չոխայով, շիկահեր Ադրիանան՝ ավանդական սպիտակ զգեստով:

Սիրահարված զույգի լուսանկարները հայտնվել են Forbs պարբերականում: Վրաստանի հետ երիտասարդ զույգին ոչինչ չի կապում, բացի նրանց նախաձեռնած ավանդույթից:

Էնդրյուն և Ադրիանան աշխարհով սկսել են ճանապարհորդել 2014 թվականից, որոշում են կայացրել ամեն տարի հարսանիքի օրը նշել ընտրած մի երկրի ավանդույթներով: Ճանապարհորդությունների ընթացքում նրանք արդեն հասցրել են համատեղ կյանքի տոնը նշել Հնդկաստանի, Քենիայի և Ճապոնիայի տարազներով:

«Մենք հորինել ենք այս ավանդույթն այն բանից հետո, ինչ մայրս արդեն 40 տարի հարսանիքի օրը հագնում էր իր հարսանեկան զգեստը»,- ասում է Ադրիանան: