ԱՄՆ-ի նոր դեսպանը երդում է տվել

Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանը երդման արարողություն է անցել: 

Այս մասին տեղեկություն են հայտնել Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից: Արարողությանը մասնակցել է պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Հելլին: ԱՄՆ-ի սենատը հաստատել էր Դեգնանի թեկնածությունը Վրաստանի դեսպանի պաշտոնում 2019-ի դեկտեմբերի 19-ի քվեարկությամբ: Այս մտադրության մասին նախագահ Դոնալդ Թրամփը խոսել էր դեռ սեպտեմբերին:

Քելլի Դեգնանը վերջերս աշխատել է որպես ԱՄՆ-ի՝ Եվրոպայում և Աֆրիկայում ռազմածովային ուժերի հրամանատարի քաղաքական խորհրդատու: Մինչ այդ՝ Իտալիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել: 25-ամյա դիվանագիտական կարիերայի ընթացքում Դեգնանը եղել է ՆԱՏՕ-ին կից ամերիկյան ներկայացուցչությունում՝ որպես քաղաքական խորհրդատու, ավագ քաղաքացիական ներկայացուցիչ Աֆղանստանում, Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության քաղխորհրդատուի տեղակալ: Նա ստացել է լրագրության բակալավրի աստիճան՝ Նորթվեսթերն համալսարանում և իրավունքի դոկտորի աստիճան՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում:

Դեգնանը ESA-ի պետքարտուղարի պարգև ունի, տիրապետում է իտալերենին, ֆրանսերենին, թուրքերենին: