ԱՄՆ-ն վրաստանյան էլիտային հեղինակազրկող տեղեկություններ ունի

Վաշինգտոնն ամիսներ շարունակ աշխատում է Թբիլիսիի համար մշակած բարեկամությունն ամրապնդող MEGOBARI Act-ի օրիանագծի վրա: Այդ մասին օրինագծի վրա աշխատող թիմը հայտնել է «Ազատություն ռադիոկայանի» Վաշինգտոնի լրագրողին՝ անանունության պայմանով։

Ըստ աղբյուրի՝ Կոնգրեսի փորձագետներն ակնկալում էին, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանքը» անցյալ տարի բողոքի ակցիաների ֆոնին հետ կանչած օրինագիծը, («գործակալների մասին օրենքը»- հեղ.) կփորձի կրկին ընդունել:

MEGOBARI Act-ը պարտավորեցնում է ԱՄՆ նախագահի վարչակազմին ուսումնասիրել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը Վրաստանում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։ Օրենքի նախագծին ծանոթ աղբյուրի խոսքով, հարցի վերաբերյալ որոշումը՝ ներառյալ պատժամիջոցները և Ռուսաստանի ու Չինաստանի բացասական ազդեցության հարցերը, կարող է շուտով հայտարարվել, եթե ընդունվի MEGOBARI Act-ը (Mobilizing and Enhancing Georgia’s Options for Building Accountability, Resilience, and Independence Act):

«Վրացական քաղաքական վերնախավում ռուս գործակալների բացահայտումը, ինչպես նաև չինական ազդեցության դեպքերի բացահայտումը, կխաթարի «Վրացական երազանքի» նարատիվը, ըստ որի՝ «օտարերկրյա գործակալների» օրինագծով պաշտպանում են երկրի ինքնիշխանությունը»:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն այնպիսի տեղեկությունների է տիրապետում, որոնք «կարող են ոչնչացնել վրացական քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հեղինակությունը»։

Ի դեպ, ամերիկյան POLITICO պարբերականը հոդված էր հրապարակել, ըստ որի՝ Վաշինգտոնը կարող է Վրաստանին տրամադրել տնտեսական և անվտանգության մեծ փաթեթ, ինչպես նաև վիզայի ազատականացում, եթե Վրաստանի կառավարությունը դադարեցնի իր հակաարևմտյան հռետորաբանությունը և հետընթացը մարդու իրավունքների հարցում։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ վրաց-ամերիկյան հարաբերությունների բարելավումը կախված է ԱՄՆ-ի «ճիշտ գործողություններից»:

Իշխող թիմը, ԱՄՆ-ի հետ վիզայի ազատականացման և աջակցության փոխարեն, ընտրում է «ռուսական օրենքը»