ԱՄՆ պետքարտուղարն ու Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Մասնավորապես, Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Թոմի Պիգոտը հաղորդել է.

«Այսօր պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, այդ թվում՝ Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում անվտանգության հարցը»։

Պետդեպարտամենտը «Ազատություն» ռադիոկայանին տրամադրել է զրույցի համառոտ ամփոփումը։

Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում գրել է, որ արդյունավետ զրույց է եղել։

«Մենք ընդգծել ենք մեր գործընկերության վերալիցքավորման և Վրաստանի՝ որպես Հարավային Կովկասում ուժեղ գործընկերոջ դերի ամրապնդման կարևորությունը։ Մենք հանձնառու ենք Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության և կապակցվածության խթանմանը», — ասել է Կոբախիձեն։