ԱՄՆ զորքերն Ախալքալաքում տեղակայելը քննարկում ենք որպես Քոֆիի սեփական առաջարկ. Գոգուաձե

Վրաստանում անդրադառնում են Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորքը Վրաստանում տեղակայելու մասին առաջարկին։

«Լյուք Քոֆիի հայտարարությունը քննարկում ենք որպես նրա սեփական առաջարկ», — հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Նինո Գոգուաձեն՝ անդրադառնալով ամերիկյան Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆիի առաջարկին, ըստ որի Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախումբը կարելի է տեղակայել Վրաստանում, ավելի կոնկրետ Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայում:

Գնահատական տալով վերլուծաբանի նախաձեռնությանը, վրացի պատգամավորը նշել է, որ այս հարցը երկրների միջև պաշտոնական մակարդակով չի քննարկվել:

«Սա փորձագետի ​​դիրքորոշումն է ընդամենը և այն քննարկվում է որպես նրա սեփական առաջարկ: Վրաստանի շահերից է բխում, որ երկիրն ավելի անվտանգ լինի, դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Անշուշտ, մենք ձգտում ենք, որպեսզի Վրաստանն ցանկացած ագրեսիայից էլ ավելի պաշտպանված երկիր լինի», -հայտարարել է Գոգուաձեն:

Հիշեցնենք, որ Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆին Twitter-ի իր էջում հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախումբը տեղակայել Վրաստանում, ավելի կոնկրետ Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայում: