«Անանուն պատկերասրահ». արվեստը խաղաղության միջոց (լուսանկարներ)

Թբիլիսիի Մաչաբելի փողոցի վրա գտնվող հին և ճարտարապետական ինքնատիպ լուծումներով շենքերից մեկում մարտի 30-ին բացվեց «Անանուն պատկերասրահը», որի բացման հանդիսավոր արարողությանը ներկայացված էին Հրավային Կովկասի երեք պետությունների երիտասարդ արվեստագետների լուսանկարչական աշխատանքները:

«Մեր պատկերասրահի հիմնական նպատակը Հարավային Կովկասում արվեստի միջոցով խաղաղությանը նպաստելն է: Արվեստը պետք է ոչ միայն հակամարտությունների խաղաղ լուծման հիմնական դերակատարներից մեկը դառնա, այլև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի զարգացման խթանը», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է ցուցահանդեսի կազմակերպիչներից Գիորգի Ռոդիոնովը:

Առաջիկայում «Անանուն պատկերասրահ»-ում կներկայացվեն բազմաթիվ ծրագրեր, սեմինարներ, արվեստագետների շնորհանդեսներ և սոցիալական գործողություններ, որոնք կօգնեն տարածաշրջանի զարգացմանը, խաղաղության հաստատմանը և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը:

Հայաստանցի լուսանկարիչ Կարեն Խաչատուրովը մեզ հետ զրույցում ասում է. «Իմ կարծիքով, նախագիծը երկրների միջև խաղաղություն հաստատելու շատ լավ կամուրջ է»:

Ցուցահանդեսին Հայաստանից ներկայացվել էին նաև երիտասարդ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի, Ադրբեջանից՝ Իլկին Հուսեյնովի, Վրաստանից՝ Դարո Սուլակաուրիի, Վախո Խեթագուրիի, Մարիամ Սիճինավայի և այլոց գործերը: