Անդրադարձել են եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկի հետ, տեղեկանում ենք Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջից:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների դինամիկ գործընկերության հիմնական ուղղությունները։ Նշվել է, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել են երկկողմ այցերը Վրաստանի և Չեխիայի միջև։ Արտահայտվել է առկա համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն։

«Ընդգծվել է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ինստիտուցիոնալ, սոցիալ-տնտեսական վերափոխումների և բարեփոխումների ուղղությամբ Չեխիայի ցուցաբերած նշանակալի օգնությունը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չեխիայի արդարադատության նախարարին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած անմնացորդ աջակցության համար և ընդգծել Չեխիայի մասնակցության կարևորությունը ԵՄ դիտորդական առաքելությանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած կարևոր առաջընթացին։ Նշվել է, որ Եվրախորհուրդը, Վրաստանին տալով եվրոպական հեռանկար, հաստատել է, որ Վրաստանի ապագան Եվրամիությունում է, և այս որոշումը հիմք է դրել նոր փուլի, որը պետք է Վրաստանը հասցնի ԵՄ անդամակցությանը։

«Ընդգծվել է Չեխիայի՝ որպես ԵՄ խորհրդի նախագահող երկրի դերը և եվրաինտեգրման գործընթացում Չեխիայի աջակցության կարևորությունը։ Զրույցում անդրադարձ է եղել նաև Եվրոպական միության նախաձեռնած Եվրոպական քաղաքական միության առաջին գագաթնաժողովին, որն անցկացվել է Պրահայում։

Վարչապետի խոսքով՝ այս գագաթնաժողովն առանձնահատուկ նշանակություն ունի և կնպաստի եվրոպական մայրցամաքում խաղաղության և կայունության ապահովման ջանքերի համախմբմանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը մասնակցել են Չեխիայի արդարադատության փոխնախարար Զուզանա Ֆիսերովան, Վրաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

Վարչապետը հանդիպել է Ռումինիայի պաշտպանության նախարարին