Վարչապետը հանդիպել է Ռումինիայի պաշտպանության նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինկուին։ Հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական հարցերը եղել են Վրաստանի ու Ռումինիայի համագործակցությունը և հարաբերությունները ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ։

Վրաստանի կառավարության տարածած տեղեկության համաձայն՝ հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության ոլորտում ապագա հարաբերություններին։ Նշվել է, որ ռազմավարական գործընկերության հաստատման մասին վերջերս ստորագրված հռչակագիրը նոր լիցք կհաղորդի երկու երկրների սերտ հարաբերություններին բոլոր ուղղություններով։

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Ռումինիային Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և երկրի եվրոպական ու եվրատլանտյան ձգտումներին ցուցաբերած ամուր աջակցության համար։ Ընդգծվել է Ռումինիայի նշանակալի ներդրումը ԵՄ դիտորդական առաքելության գործում։