Քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան նախաձեռնությունների իրականացումը

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն հյուրընկալել է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Վասիլե Դինկուին, հայտնում են ՊՆ-ից։

ՊՆ-ի փոխանցմամբ, նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգության միջավայրն ու մարտահրավերները։ Նշվել է, որ Ռումինիան Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության և Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հավատարիմ ջատագովներից է։

Վրաստանի պաշտպանության նախարարն ուշադրություն է հրավիրել նախարարությունում իրականացվող բարեփոխումների վրա, որոնք ուղղված են դաշինքի չափանիշներին համապատասխանեցմանը։ Խոսել է նաև ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթով (SNGP) սահմանված նախաձեռնությունների իրականացման մասին։

«Առանձնահատուկ տեղ է հատկացվել Սևծովյան տարածաշրջանի կայունության և զարգացման կարևորության քննարկմանը, Վրաստանի և Ռումինիայի միջև տարածաշրջանում պաշտպանական երկկողմ համագործակցության աճող դինամիկային ու ապագա հեռանկարներին։ Նշվել է, որ Ռումինիայի հետ համագործակցությունը պաշտպանական կարողությունների ամրապնդման, ռազմական կրթության, համատեղ վարժանքների և բազմազգ զորավարժություններին ռումինացի զինվորականների մասնակցության, ԵՄ դիտորդական առաքելությանը Ռումինիայի ներգրավվածության առումով կարևոր է»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Այցի շրջանակներում երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության ռազմավարական համաձայնագիր, որն ուղղված է առկա համագործակցության հետագա խորացմանը. ստորագրվել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության տարեկան ծրագիրը։

Ավելի ուշ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Վասիլե Դինկուն ծաղկեպսակ  է խոնարհել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշահամալիրում։