Հանդիպումներ Շահումյան, Ախկուլա և Օփրեթ գյուղերում

«Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան, Ախկուլա (Աղուլի) և Օփրեթ գյուղերում կայացել են բնակչության հետ հանդիպումները: Այս տեղեկությունը տարածել է Մառնեուլիի քաղաքապետարանի էլեկտրոնային էջը:

Տեղեկության համաձայն, Մառնեուլիի մունիցիպալիտետում հանդիպումներն ընթանում են ըստ ժամանակացույցի։ Այս փուլում հանդիպումներ են անցկացվել 6 վարչական միավորների 30 գյուղերում։ Ընտրվել են բնակչության կարիքներին հարմարեցված նախագծեր։

Մառնեուլիի քաղաքապետի առաջին տեղակալ Ռոին Դեկանոիձեն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ միասին հանդիպել է գյուղերի բնակիչներին և ներկայացրել ծրագրի առաջնահերթ ուղղությունները։

«Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Քենան Օմարովի հանձնարարությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվելիք նախագծերն ընտրելու և ընդհանուր ժողովներ/խորհրդակցություններ անցկացնելու համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Ի դեպ, «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հայաբնակ Դամիա գյուղում փետրվարի 6-ին կայացել է գյուղի բնակչության հետ հանդիպումը:

«Աջակցություն գյուղին» ծրագրի համար 2023 թվականին կենտրոնական բյուջեից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի: Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 հազար լարի է, իսկ առավելագույնը՝ 20 հազար լարի:

Մյուս հայաբնակ գյուղերի հանդիպման ժամանակացույցը՝ ստորև.

Մառնեուլիի հայաբնակ գյուղերին աջակցության ծրագրի շրջանակներում հանդիպումների ժամանակացույցը