Անհրաժեշտ է կատարելագործել դատաիրավական համակարգի բարեփոխումները. Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը և նշել, որ հանդիպման ժամանակ ընդգծել է դատական ​​համակարգի և օրենքի գերակայության բարեփոխման ու մամուլի ազատության կատարելագործման անհրաժեշտությունը։

Միշելն ասել է՝ Վրաստանի ապագան Եվրամիությունում է։ Ըստ նրա՝ Եվրոպական ճանապարհով առաջ շարժվելու համար այժմ առավել, քան երբևէ` կարևոր է հիմնական առաջնահերթությունների իրականացումը։

«Եվրամիությունը ձեր կողքին է ամեն քայլափոխի և հաստատակամորեն հավատարիմ է մնում եվրոպական հեռանկարին ու պատմական այն հնարավորություններին, որոնք էական են Վրաստանի ժողովրդի համար»,- նշել է Միշելը:

Մինչ Միշելի հետ հանդիպումը՝ Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը պատրաստ է ավարտին հասցնել 12 պայմանների կատարման գործընթացը և արժանի է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին։

Ի դեպ, անցյալ տարի Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, Վրաստանին՝ եվրոպական հեռանկար, և առաջադրեց 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։