Անհրաժեշտ է կոալիցիոն կառավարություն. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆրանսիական պարբերականներից մեկին տված  հարցազրույցում ասել է, որ իշխող մեծամասնության կողմից 9 տարի ձևավորված կառավարությունից հետո պարզ է դառնում կոալիցիոն կառավարության անհրաժեշտությունը:

Զուրաբիշվիլին միևնույն ժամանակ նաև նշել է, որ դժվար է տեսնել, թե ինչպես կկարողանա գործել կոալիցիոն կառավարությունը, երբ դիրքորոշումներն այդքան հակասական են:

Զուրաբիշվիլին ընդգծել է նաև, որ առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց կտան՝ արդյո՞ք երկրում ավարտված է խորը քաղաքական ճգնաժամը:

Խոսելով երկրի հեռանկարների և առաջնայնությունների մասին, Զուրաբիշվիլին պարբերականին ասել է, որ առաջնայինը Եվրամիությանն ու ՆԱՏՕ -ին Վրաստանի անդամակցությունն է:

«Սա մի գործընթաց է, որն ընթանում է զուգահեռաբար, և ինչ որ առումով այդպես ավելի հեշտ է: Վրաստանը ներկայացված էր Աֆղանստանում: Բանակի համատեղելիությունը շատ առաջադեմ գործընթաց է: Մենք տարիներ շարունակ մարզվում ենք ՆԱՏՕ -ի հետ»,-ասել է Զուրաբիշվիլին։

Ռուս-վրացական հարաբերությունների մասին խոսելիս` Զուրաբիշվիլին այն անվանել է «ամբողջովին սառեցված»: