Անհրաժեշտ է վերանայել հորս դերը քաղաքականության մեջ. Էդուարդ Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի որդու՝ Էդուարդ Սաակաշվիլիի խոսքով, հոր առողջական վիճակն էապես չի բարելավվել:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է վերանայել երրորդ նախագահի դերը քաղաքականության մեջ, ինչը իշխող «Վրացական երազանքի» գործը կհեշտացնի ընդհանուր համաձայնության հասնելու առումով։

«Ես սպասում էի, որ նրա վիճակն ավելի լավ կլինի։ Ամեն դեպքում, ինքն ինձ չասաց, որ ավելի լավ է. նա գունատ է, թույլ է, պահվածքը տարօրինակ է», —  հուլիսի 27-ին TV Pirveli հաղորդման ժամանակ ասել է Էդուարդ Սաակաշվիլին:

Նրա խոսքով` դժվար է հորը տեսնել այդ վիճակում, բայց ինքը հույս ունի, որ փոխներարկումների շնորհիվ` «Վիվամեդում» գտնվելու ժամանակ հոր կյանքին անմիջական վտանգ չի սպառնում։

Որդու կարծիքով՝ հոր դերը վրացական քաղաքականության մեջ «ապագայի առումով անհասկանալի է»։

«Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի նա վերադառնա կառավարություն. մի քիչ դժվար է պատկերացնել», – ասել է նա: