Ապաօլիգարխացման աշխատանքային խումբը կգլխավորի Անրի Օխանաշվիլին

Իրավական հարցերի հանձնաժողովը ստեղծել է 5 աշխատանքային խումբ՝ Եվրամիության սահմանած 12 պայմանները կատարելու համար։

Նշված աշխատանքային խմբերը կաշխատեն «ապաօլիգարխացման» վերաբերյալ օրենքի նախագծի մշակման, դատաիրավական բարեփոխումների, Վրաստանի Ընտրական օրենսգրքի վերանայման, հակակոռուպցիոն միջոցառումների և Հատուկ քննչական ծառայության հետագա ինստիտուցիոնալ հզորացման, Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ուղղությամբ:

Այսօրվա՝ օգոստոսի 4-ի հանձնաժողովում որոշվել է աշխատանքային խմբերի կազմը:

Մասնավորապես, «ապաօլիգարխացման», դատաիրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն միջոցառումների և Հատուկ քննչական ծառայության և անձնական տվյալների պաշտպանության ծառայության հետագա ինստիտուցիոնալ հզորացման աշխատանքային խմբերը կգլխավորի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին, իսկ Վրաստանի Ընտրական օրենսգրքի վերանայման աշխատանքային խումբը` «Վրացական երազանք» խմբակցության առաջին փոխնախագահ Գիվի Միկանաձեն:

Աշխատանքային խմբերում ընդգրկված են իշխող «Վրացական երազանք» խմբակցության և խորհրդարանական ընդդիմության անդամները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և պետական ​​գերատեսչությունների ներկայացուցիչներ ու այլ շահագրգիռ կողմեր։

Խորհրդարանական ընդդիմությունից աշխատանքային խմբերի աշխատանքներին կմասնակցեն «Քաղաքացիներ», «Եվրոպական սոցիալիստներ» և «Գիրչի» կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև խորհրդարանի անկուսակցական անդամներ։