Առաջարկում են դպրոցներում սննդի խնդրի լուծման երկու տարբերակ

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անի Ծիթլիձեն ասել է, որ կուսակցությունը դպրոցներում սննդի խնդրի լուծման երկու տարբերակ է առաջարկել կառավարությանը: Ծիթլիձեն, սակայն, նշել է, որ մինչ այժմ պատասխան չունեն, թե երբ կներդրվի նշված ծրագիրը դպրոցներում։

Խնդրին անդրադառնալով՝ Ծիթլիձեն որպես օրինակ է բերել է մի քանի միջազգային հետազոտությունների արդյունքները, դրանց թվում` UNICEF-ի վերջին փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ Վրաստանում աշակերտների 35 տոկոսը երբեք դպրոցում չի սնվում։

«Վրաստանի քաղաքացիներին, ծնողներին և երեխաներին պետք է պատասխան տրվի, թե երբ է Վրաստանի կառավարությունն սկսելու անվճար սննդի ծրագրի իրականացումը հանրակրթական դպրոցներում կամ ինչ է անում  այդ ծրագրի իրականացման համար»,- ասել է Ծիթլիձեն։

Ըստ նրա՝ անվճար սննդի վերաբերյալ Վրաստանի կրթության նախարարության պատասխանն այն է, որ դպրոցների 80 տոկոսը չունի ճաշարան, և անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ։