Առաջին դասարանցիների ծնողները դպրոցական համազգեստ գնելու հնարավորություն կունենան այսօրվանից՝ ինչպես վաճառքի կետերում, այնպես էլ առցանց էլեկտրոնային հարթակի միջոցով՝ formebi.emis.ge։
«Էլեկտրոնային հարթակը աշակերտի ծնողին/օրինական ներկայացուցչին հնարավորություն կտա ձեռք բերելու դպրոցական համազգեստ առցանց և ստանալ պատվերը տնից դուրս չգալով՝ նշված հասցեով։ Առաքանին կոնկրետ հասցեով հասցնելը և սպառողին հանձնելն ապահովում է «Վրաստանի փոստ»-ը։
Դպրոցական համազգեստների հարթակի միջոցով սպառողները տեղեկություն կստանան դպրոցական համազգեստների մոդելների արժեքի և չափսերի մասին, նաև կտեսնեն բանկային առաջարկներն ու վաճառքի կետերի ճշգրիտ հասցեները»,- հայտնել են Կրթության նախարարությունից։
Դպրոցական համազգեստների առցանց հարթակի անխափան գործունեությունն ու կառավարումն ապահովում է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը (EMIS)։
Կրթության նախարարի հայտարարությամբ՝ բանկերի քեշբեք քաղաքականության շնորհիվ հանրությունը դպրոցական համազգեստները շատ ավելի էժան ձեռք կբերի։
«Մանրածախ վաճառքի ժամանակ կոնկրետ բանկեր ներկայացրել են քեշբեք քաղաքականություն, որը տարբեր բանկերում տարբեր է, և, բնականաբար, սպառողն ինքը պետք է ընտրի, թե ինչպես ձեռք բերի։
Ուստի այս դեպքում ստացվում է, որ այս քեշբեք քաղաքականությամբ, որի շուրջ մենք բանակցություններ ենք վարել բանկերի հետ, որպեսզի նրանք որոշակի արտոնություններ սահմանեն, հանրությունն էլ ավելի շատ օգուտ կստանա, քանի որ այս համազգեստները շատ ավելի էժան կգնի, քան սահմանված է այն սակագնով, որը շահույթ չի հետապնդում»,- հայտարարել է Միքանաձեն։
Նրա իսկ խոսքով՝ ովքեր առաջին դասարանցիների համազգեստների ձեռքբերումը չեն հասցնի մինչև սեպտեմբերի 14-ը կամ լրացուցիչ միավոր գնելու ցանկություն կունենան, սեպտեմբերի 15-ից դրանց գնումը հնարավոր կլինի միայն առցանց՝ formebi.emis.ge-ում։