Արևմուտքը սկսում է «ոլորել Վրաստանի ձեռքերը». Կարասին

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ, ՌԴ արտաքին գործերի (ԱԳ) նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինն իր Telegram-յան ալիքում Վրաստանի վերաբերյալ հերթական հայտարարությունն է արել:

Ըստ Կարասինի՝ Արևմուտքը սկսում է «ոլորել Վրաստանի ձեռքերը» Ռուսաստանի հետ «խաղաղ հարաբերությունների» պատճառով։

«Սրանք են խաղի նոր կանոնները միջազգային հարաբերություններում՝ անկախ պատմությունից, աշխարհագրությունից կամ պետական ​​նախասիրություններից։ Վաշինգտոնը որոշել է՝ կատարիր սա: Դա մեկնաբանելն անիմաստ է»,- գրել է Կարասինը:

Նշենք, որ օրերս Կարասինն իր Telegram-յան ալիքում գրառում էր արել և «Ժնևյան քննարկումների» հետաձգումը կապել ԱՄՆ-ի ոչ խաղաղ նպատակների հետ` հայտարարելով անկայունության մասին։ Ըստ Կարասինի՝ Հարավային Կովկասի գլխին նոր ամպ է կախվելու: Նրա խոսքով, Արևմուտքի կողմնակիցները, Ռուսաստանի հետ առճակատմամբ ոգևորված, բառացիորեն սառեցնում են «Ժնևյան քննարկումների» ձևաչափը, որը հուսալի անվտանգության ցանց էր Հարավային Կովկասի մարտահրավերների համար։