Առողջապահության նախարարը պատվաստման հարցով կհանդիպի շրջանների բուժաշխատողների հետ

Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն շրջանների բուժաշխատողների հետ հանդիպումներ կանցկացնի պատվաստման հարցով:

«Անձամբ ծրագրում եմ շրջել շրջաններով ու հանդիպել բուժաշխատողների հետ, զրուցել նրանց հետ: Առաջին կլինիկան, ուր կայցելեմ, Սաչխերեի կլինիկան է»,- ասել է Տիկարաձեն՝ պատասխանելով լրագրողների՝ երկրում պատվաստման ցածր ցուցանիշների հետ կապված հարցերին։

Նշենք, որ Տիկարաձեն նույնպես որոշում է կայացրել պատվաստվել, չնայած մինչ այդ իր տեղը զիջում էր բժիշկներին:

Վրաստանում շարունակվում է պատվաստման գործընթացը: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 3818 բուժաշխատող: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, պատվաստվելու համար Booking.moh.gov.ge հարթակում գրանցվել է 5246 բուժաշխատող:

Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութով: Պատվաստման գործընթացը երկրում մեկնարկեց մարտի 15-ից՝ առաջինը պատվաստվեցին Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև մարտի 18-ին ուղիղ եթերում պատվաստվեց երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ըստ Վրաստանի պատվաստման ծրագրի` առաջին փուլում երկրում պատվաստվելու են առողջապահական ոլորտի աշխատողները: Դեռևս հայտնի չէ, թե երբ է սկսվելու բնակչության այլ խմբերի պատվաստումը: