Արտագաղթի պատճառները Վրաստանում. քննարկում են վերլուծաբանները

Վրացի տնտեսագետներն ու վերլուծաբանները երկրում արտագաղթի աճը կապում են և՛ տնտեսական, և՛ ներքաղաքական լարվածության հետ: 

Տնտեսագետ Ռամազ Գեռլիանին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց` ըստ տարբեր հարցումների՝ երկրից արտագաղթի պատճառների հնգյակում են տնտեսական խնդիրները: Նրա գնահատմամբ՝ եթե երկրում գործազրկություն կա, մարդիկ ցածր են վարձատրվում, միշտ էլ արտագաղթի մակարդակը բարձր է մնալու:

«Քանի դեռ տնտեսական խնդիրները չեն լուծվել, արտագաղթը շարունակելու է աճել, և այս միտումը չի թեքվելու դեպի դրականը»,- ասաց տնտեսագետը:

Գեռլիանիի պնդմամբ՝ անհրաժեշտ է վրաստանյան աշխատավարձերը հավասարեցնել կամ գոնե մոտեցնել արևմտյան աշխատավարձերին: Տնտեսագետն արտագաղթը կանխելու և արտագաղթյալներին երկիր վերադարձնելու հիմքում տեսնում է աշխատավարձերի բարձրացումը: Ըստ նրա՝ աշխատավարձերի բարձրացումը զարկ կտա ներգաղթին, նաև կապահովի տնտեսական ակտիվությունը, ինչն էլ իր հերթին կստեղծի նոր ներդրումների հնարավորություն:

Վերլուծաբան Զաալ Անջափարիձեի խոսքով, Վրաստանից արտագաղթն ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալական ու տնտեսական խնդիրների պատճառով է ավելանում: Վերլուծաբանը նշում է՝ արտագաղթում են, քանի որ իրենց պաշտպանված չեն զգում երկրում, ոմանք էլ լավ կյանքի հետևից են գնում:

Անջափարիձեն չի բացառում, որ Վրաստանից արտագաղթի աճը կախված է նաև ներքաղաքական իրավիճակից: Ըստ նրա՝ արտագաղթողների վրա ազդում է նաև աշխարհաքաղաքական իրավիճակը:

«Այստեղ կարևոր է նաև հասկանալ` արտագաղթողները մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր են հեռանում»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում հավելեց վերլուծաբանը:

Ի դեպ, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականին արտագաղթյալների թիվը կազմել է 125 հազար 269 մարդ, ինչը 25,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Geostat-ի փոխանցմամբ՝ ներգաղթյալների թիվը նույնպես աճել է 142,9 տոկոսով և կազմել 179 հազար 778 մարդ։

Արտագաղթյալների և ներգաղթյալների թիվն աճել է