Արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիները չեն մասնակցի ընտրություններին. փորձագիտական դիտարկումներ

«Վրացական երազանք»-ը մտադիր է արգելել արտագաղթած վրացիներին արտասահմանում ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Այս մտադրության մասին արտահերթ ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Գործող ընտրական օրենսգրքով ոչ ռեզիդենտ քաղաքացիներին արգելվում է մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, բայց նրանք կարող են քվեարկել խորհրդարանական ընտրություններում։ Դրա համար արտասահմանում ընտրատեղամասեր են բացվում։

Նախատեսվող փոփոխություններով, որոնք կներառվեն Ընտրական օրենսգրքում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նման, քաղաքացիները խորհրդարանի ընտրություններում նույնպես կկարողանան քվեարկել միայն Վրաստանում։

Շալվա Պապուաշվիլիի պնդմամբ, այս փոփոխությունը չի սահմանափակում քվեարկության իրավունքը, այլ սահմանում է տեղն ու սահմանները։

«Օրենսգրքի կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է ոչ ռեզիդենտ քաղաքացիների՝ արտասահմանում գտնվող անձանց ընտրություններում քվեարկելու կարգին։ Փոփոխությունը վերաբերում է քվեարկության ընթացակարգին և նախատեսում է, որ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նման, Վրաստանի խորհրդարանի ընտրություններում նույնպես քվեարկությունը կիրականացվի միայն Վրաստանի պետական սահմաններում», — հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ճեպազրույցի ընթացքում նա երկու անգամ կրկնել է, որ «ոչինչ չի փոխվում արտասահմանում գտնվող քաղաքացիների ընտրական իրավունքում»։ «Ինչպես նախկինում, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կունենա ընտրություններում քվեարկելու լիակատար իրավունք և հնարավորություն։ Միակ պայմանը չորս տարին մեկ հայրենիք վերադառնալն ու Վրաստանում քվեարկելն է», — ասել է նա։

Այսինքն, նրա պարզաբանմամբ, եթե արտագաղթածը գա Վրաստան, անարգել կքվեարկի, իսկ երկրի սահմաններից դուրս քվեարկելու հնարավորություն այլևս չի ստեղծվի։

Շալվա Պապուաշվիլին փոփոխության դրդապատճառը բացատրել է այսպես.

«Վրաստանի տարածքում քվեարկության կարգի հաստատումը մեծացնում է ընտրությունների կայունությունը, նվազեցնում արտաքին ազդեցությունը և ապահովում ավելի համարժեք, տեղեկացված ընտրություն։ Այս մոդելը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին և գործում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իռլանդիան, Մալթան, Իսրայելը, Հայաստանը»։

Նրա խոսքով, «2024 թվականի խորհրդարանական ընտրությունները նույնպես լավ ցույց տվեցին, թե որքան բաց և կոպիտ կարող է լինել տեղեկատվական ու քաղաքական ճնշումը ընտրողների վրա արտասահմանից»։

«Ազդեցության հատուկ ռիսկեր կան ոչ ռեզիդենտ քաղաքացիների նկատմամբ, որոնք գտնվում են օտար իրավասության և քաղաքական միջավայրի ազդեցության տակ, որտեղ պետությունը չի կարող կանխել միջամտությունը։ Դրանից բացի, ոչ ռեզիդենտ քաղաքացիների դեպքում բարձր են տեղեկատվական մանիպուլյացիայի միջոցները», — ասել է Պապուաշվիլին։

Նրա հայտարարությամբ, գործող ընտրական օրենսգրքում կներառվեն նաև այլ փոփոխություններ. մանրամասները սակայն, դեռ հայտնի չեն։

«Գործող ընտրական օրենսգիրքն ընդունվել է 2011 թվականին և այդ ժամանակից ի վեր ենթարկվել է ավելի քան 100 փոփոխության։ Արդյունքում տեքստը դարձել է դժվար ընկալելի, շատ նորմեր կրկնօրինակված են, օրենսգրքի մեծ մասը գտնվում է անցումային դրույթներում, որոնք ըստ բովանդակության ուժը կորցրած են, կառուցվածքը կարիք ունի կարգավորման։ Նշված պատճառներով արդեն մի քանի տարի օրակարգում է օրենսգրքի ամբողջական վերամշակումը։ Նախաձեռնված նոր խմբագրությունը հենց այդ խնդիրներին է պատասխանում։ Նոր Ընտրական օրենսգրքով կիրականացվի նորմերի համակարգում և տեխնիկական կատարելագործում, ընթացակարգերի ճշգրտում, նորմերի կրկնօրինակման վերացում, օրենսգիրքը կդառնա միասնական, հեշտ ընկալելի և ֆունկցիոնալ առումով ճիշտ տեքստ։ Այս փոփոխությունները, ըստ էության, տեխնիկական բնույթի են, սակայն զգալիորեն բարելավում են ընտրական գործընթացի նորմատիվ շրջանակը», — հայտարարել է «Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահը։

Այս թեման անհանգստություն է առաջացրել Վրաստանի հասարակության և փորձագիտական շրջանակներում։ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում փորձագետները նշեցին, որ այդ որոշումը նպատակ ունի ճնշելու իշխող կուսակցության դեմ քննադատաբար տրամադրված ընտրողների ընտրություններին մասնակցելու իրավունքը։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտ»-ի (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին նշեց, որ այս որոշումը խախտում է մեկ միլիոնից ավելի մարդկանց իրավունքները, շատ քաղաքացիներ են մեկնել արտասահման՝ վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ, օսեր, հույներ և շատ այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ։

«Նրանք իրավունք ունեն մասնակցելու երկրի կյանքին, նույնիսկ ընտրությունների միջոցով։ Այս փոփոխությունը բացասական է, և նպատակն է խոչընդոտել անկախ և անվերահսկելի ձայներին», — ասաց նա։

«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի խոսքով՝ արտասահմանում գտնվող քաղաքացիներին ընտրելու իրավունքից զրկելը ոչ միայն քաղաքական որոշում է, որը ծառայում է մեծ մասամբ ընդդիմադիր դաշտի ընտրական գործընթացներից զրկելուն և, հավանաբար, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ուղղված ընտրական մանիպուլյացիա է, այլև մարդու իրավունքների հետ կապված շատ լուրջ խնդիր է։

Միքելաձեն նշել է՝ ընտրություններին մասնակցելը արտոնություն չէ, այլ քաղաքացիությունից բխող հիմնարար իրավունք, և այս իրավունքից ցանկացած խմբի համար բացարձակ և համատարած զրկումը կառավարությունը պետք է արդարացնի «համոզիչ», «հիմնավոր» և «համաչափ» բացատրությամբ։

««Վրացական երազանք»-ը չի կարողացել համոզիչ փաստարկներ ներկայացնել այն մասին, թե ինչու է անհրաժեշտ մեր քաղաքացիներին զրկել այս իրավունքից հիմա, եթե նրանք տասնամյակներ շարունակ օգտվել են դրանից։ «Արտաքին միջամտության» մասին փաստարկը սուտ է։ Վրաստանի պետական ​​ինստիտուտներն ընտրություններ են անցկացնում արտասահմանում, գործընթացը գտնվում է նրանց լիակատար վերահսկողության ներքո, և այսքան տարիներ արտաքին միջամտության մասին որևէ տեղեկություն չի եղել։

Հետևաբար, երբ նման բացատրություններ և փաստարկներ ընդհանրապես գոյություն չունեն, իրավունքներից լայնածավալ զրկումը համարվում է կամայականություն և հստակորեն հակասում է մարդու իրավունքների այն նորմերին, որոնք չպետք է վնասեն ժողովրդավարության էությանը»,- գրել է նա։

Ըստ Միքելաձեի՝ դեմոկրատական ​​տեսություններում սա համարվում է ընտրովի իրավազրկություն, այսինքն՝ ընտրովի խմբերին իրավունքներից և քաղաքական իշխանությունից միտումնավոր զրկում էլիտաների քաղաքական օգուտի համար.

«Այսինքն՝ քաղաքացիները, որոնք ստիպված են եղել լքել երկիրն այս պետության անարդարության և չարիքի պատճառով, որոնք ապրում են ծանր աշխատանքի, բաժանման և անջատման մռայլ իրականության մեջ և շատ բան են զոհաբերում այս երկրի տնտեսական ապագայի համար, այլևս չեն համարվում այս նույն պետության քաղաքացիներ։ Շատ տխուր է և դժվար է հասկանալ, որ ամենաաշխատասեր, նվիրված և դիմացկուն քաղաքացիները մեր աչքի առաջ քաղաքականապես մերժվում և վտարվում են իրենց սեփական հայրենիքից»։

Իրավաբան Նիկա Սիմոնաշվիլիի խոսքով՝ երկրի համար ամենադժվարին ժամանակներում ներգաղթյալները տնտեսության ողնաշարի դեր էին խաղում, հենց նրանց ուղերձներն էին ոգեշնչում երկիրը, և նրանք շարունակում են նույնը անել նաև հիմա։

«Այս մարդիկ անհավանական աշխատասիրության, նվիրվածության և ընտանիքների հանդեպ սիրո օրինակ են, նրանք ընտանեկան արժեքների իսկական պաշտպաններ են, այլ ոչ թե Իվանիշվիլիի խամաճիկներ։

Ըստ որոշ մարդկանց՝  նրանք գտնվում են օտար ազդեցության տակ, և այդ պատճառով էլ զրկում են նրանց ընտրելու իրավունքից», — գրել է նա։

Ինչ իրավիճակ էր 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ

2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ արտասահմանում ընտրատեղամասեր բացելու պահանջ էին ներկայացրել տասնյակ հազարավոր Վրաստանի քաղաքացիներ։ Այդ պահին, ԿԸՀ-ի պաշտոնական վիճակագրությամբ, արտասահմանում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների թիվը կազմում էր 95 հազար 834 մարդ։

Ընտրողների ավելացած թվի պատճառով լրացուցիչ ընտրատեղամասեր ստեղծվեցին Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում՝ Բեռլինում, Իսպանիայի Թագավորությունում՝ Բարսելոնայում, Իտալիայի Հանրապետությունում՝ Հռոմում, Հունաստանի Հանրապետությունում՝ Աթենքում և Սալոնիկում, Ֆրանսիայի Հանրապետությունում՝ Փարիզում։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականին 42 երկրում բացվեց 67 ընտրատեղամաս։

ԿԸՀ-ի տվյալներով, արտասահմանյան տեղամասերի մեծ մասում հաղթել է ընդդիմությունը։ Օրինակ.

  •  ԱՄՆ-ում իշխող կուսակցությունը ստացել է ձայների 7%-ը,
  • Մեծ Բրիտանիայում՝ 11.5%-ը,
  • Գերմանիայում՝ 5.3%-ը,
  •  Հունաստանում՝ 22.2%-ը,
  • Ֆրանսիայում՝ 10.7%-ը և այլն։

«Վրացական երազանք»-ը բարձր ցուցանիշներ ուներ միայն հարևան երկրներում։ Դրանց թվում.

  • Թուրքիայում՝ 44%,
  • Ադրբեջանում՝ 89.5%,
  • Հայաստանում՝ 59.7%։

Գործող ընտրական օրենսգրքով արտասահմանում ընտրատեղամաս է ստեղծվում հյուպատոսական հաշվառման մեջ գտնվող առնվազն 50 և առավելագույնը 3000 ընտրողի համար։ Արտագաղթածները նշում էին ընտրատեղամասերի և բնակության վայրերի միջև մեծ հեռավորությունների մասին և կոչ էին անում իշխանություններին ընտրատեղամասեր բացել նաև այլ քաղաքներում։ ԿԸՀ-ն ընտրատեղամասեր էր բացել այնտեղ, որտեղ կամ հյուպատոսություն կար, կամ դեսպանատուն։ Ընտրական վարչակազմի պարզաբանմամբ` դա օրենքի պահանջն էր, և, օրինակ, Շտուտգարտի փոխարեն Ստրասբուրգում տեղամաս չէր կարող բացվել, քանի որ այնտեղ հյուպատոսություն չկա։

Ի վերջո, 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին արտասահմանում բացված ընտրատեղամասերում արտագաղթածների հերթեր էին գոյացել։

Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտը (DRI), անդրադառնալով վերոնշյալ թեմային, ևս մտահոգություն է հայտնել.

««Վրացական երազանք»-ի նոր նախաձեռնությունը, որի համաձայն՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ արտասահմանում ընտրատեղամասեր այլևս չեն բացվի, և կուսակցությանը քննադատող ընտրողներին կզրկեն ընտրություններին մասնակցելու իրավունքից, հակասահմանադրական է: Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ իշխանության աղբյուրը ժողովուրդն է»,-գրել է ՀԿ-ն։

Ըստ կազմակերպության՝ այս փոփոխության քաղաքական դրդապատճառը հստակ է և միանշանակ. «Վրացական երազանք»-ի աջակցության մակարդակը ամենացածրն էր հենց այն ընտրատեղամասերում, որոնք բացվել էին Վրաստանի սահմաններից դուրս.

«Փոփոխություններից հետո ներգաղթյալները ստիպված կլինեն գալ Վրաստան՝ ընտրություններին մասնակցելու համար, ինչը բազմաթիվ առումներով անարդար է և խախտում է համարվում։ Ակնհայտ է, որ «Վրացական երազանք»-ը ստեղծում է լրացուցիչ ֆինանսական և աշխարհագրական խոչընդոտ ընտրազանգվածի այն մասի համար, որի մեծամասնությունը քննադատաբար է տրամադրված իր նկատմամբ։ Կարևոր է նաև, որ Վրաստանի ներգաղթյալ քաղաքացիները ստիպված են եղել լքել երկիրը հենց ծայրահեղ աղքատության և գործազրկության պատճառով։ Այս որոշմամբ նրանք անհավասար դիրքում կհայտնվեն Վրաստանի քաղաքացիների համեմատ իրենց ակտիվ ընտրական իրավունքն իրականացնելու հարցում, ինչը նրանց ավելի է մեկուսացնում վրացական քաղաքական գործընթացներից»։

Կարդացեք նաև.

Արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիները չեն մասնակցի ընտրություններին

Առաջին ընթերցմամբ ընդունվեց արտագաղթյալներին արտերկրում քվեարկելն արգելող փոփոխությունը