Աշակերտների թվով հայկական դպրոցները զիջում են ադրբեջանականին և ռուսականին

Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) հրապարակած կրթական ոլորտի զեկույցի համաձայն, որը բացահայտում է էթնիկ փոքրամասնությունների և սոցիալապես խոցելի խմբերի մարտահրավերները, 2021-2022 թվականներին ոչ վրացալեզու դպրոցները կազմում են Վրաստանի պետական դպրոցների 10 տոկոսը։

Հարկ է նշել, որ Վրաստանում ընդհանուր առմամբ գործում է 207 ոչ վրացալեզու պետական ​​դպրոց։

Զեկույցի համաձայն, երկրում գործում է 117 հայալեզու, 79 ադրբեջանալեզու և 11 ռուսալեզու դպրոց։

«Թեև հայալեզու դպրոցների թիվը գերազանցում է ադրբեջանալեզու և ռուսալեզու դպրոցների թվին, սակայն հայալեզու աշակերտների թիվն ավելի փոքր է, քան ադրբեջանալեզու և ռուսալեզու դպրոցներ հաճախող աշակերտների թիվը», — նշված է զեկույցում։

Տվյալների համաձայն, 2021-2022 թվականներին ոչ վրացալեզու աշակերտների թիվը կազմել է 54 հազար 325։ Նրանցից 47,7 տոկոսը ադրբեջանական դպրոց է հաճախում, 26,5 տոկոսը՝ ռուսական, 24,5 տոկոսը՝ հայկական։