Աշոտ Սմբատյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, համատեղության կարգով, նշանակել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,-նշված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ Երևանը Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2012 թվականին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Բուդապեշտում հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին։