Ավարտվեց «Վարդագույն հոկտեմբեր»-ի արշավը

Վրաստանում տեղի ունեցավ «Վարդագույն հոկտեմբեր»-ի փակման արարողությունը։  «Վարդագույն հոկտեմբերը» կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկման բարձրացման միջազգային միամսյակն է։ Արշավը, որի հիմքը դրվել է 1990-ականներին, նպատակ ունի հաղթելու կրծքագեղձի քաղցկեղին՝ վաղ փուլում հայտնաբերելով հիվանդությունը։ Ինչպես ամբողջ աշխարհում, Վրաստանում ևս արշավի կապակցությամբ իրականացվում են տարբեր միջոցառումներ։

Արշավին Վրաստանում գործող տասնյակ կլինիկաներ, բուժհաստատություններ, առևտրական կենտրոններ ու կազմակերպություններ էին մասնակցում։ Դրանցից մեկն «Օնկոլայն Ջորջիան» է, որտեղ անցկացվել են կրծքագեղձի քաղցկեղի անվճար ստուգումներ՝ սկրինինգ։ Կլինիկայի հիմնադիր և տնօրեն Սոփի Փիրանիշվիլին, փակման արարողության ժամանակ նշեց, որ այդ արշավը, որը  մեկնարկել էր հոկտեմբերի  սկզբին և ավարտվել երեկ՝ հոկտեմբերի 30-ին, առանցքային կարևորություն ունի թե՛ բժիշկների, թե՛ կանանց համար։

«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս արշավը կայացավ, և մեր կլինիկան ևս միացավ դրան. վիճակագրությունը փաստում է, որ այս արշավը դրական ազդեցություն է ունենում քաղկեղի վաղ փուլում բացահայտման առումով։ Այս վտանգավոր հիվանդությունը, որը բազում կյանքեր է խլում, պահանջում է բոլորիս ուշադրությունը և իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տքնաջան աշխատանք»,- ասել է Փիրանիշվիլին

Այնուամենայնիվ, չնայած ջանքերին, Փիրանիշվիլին նշում է, որ կրծքագեղձի քաղցկեղը մնում է կանանց քաղցկեղի հետևանքով մահվան ամենատարածված և գլխավոր պատճառը:

Բժշկուհի, գինեկոլոգ Լելա Սեսաձեի կարծիքով՝ կրծքագեղձի քաղցկեղի բուժումը կարող է բավականին արդյունավետ լինել, եթե հիվանդության դեմ պայքարը սկսվի վաղ փուլից․

«Կրծքագեղձի քաղցկեղի բուժումը հաճախ ներառում է վիրահատության, ճառագայթային թերապիայի և դեղորայքի համակցում: Նման մեթոդները կանխում են քաղցկեղի աճն ու տարածումը, ինչը կյանքեր փրկելու նախապայման է։ Ինչ վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոններին, ապա, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, դրանք ներառում են տարիքի աճը, ավելորդ քաշը, մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը, գենետիկան, ճառագայթահարման պատմությունը, վերարտադրողական պատմությունը, ծխախոտի օգտագործումը և այլն:

Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնում է կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, քաշի վերահսկումը, ալկոհոլի, ծխախոտի չարաշահումից հրաժարվելը, կարճ ասած՝ առողջ ու ակտիվ կյանքը»։