Ավտոդպրոցները չեն կարող դասեր անցկացնել քննական երթուղիներով

Վրաստանում վարորդական իրավունքի գործնական քննության երկրորդ փուլում ավտոդպրոցներն իրավունք չեն ունենա նախապատրաստել վարորդին քննության համար սահմանված երթուղիներով։

«B» և «BE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի գործնական թեստն ընթացիկ տարվա ապրիլի 25-ից դարձավ երկու փուլով։ Առաջին փուլը կանցկացվի փակ հրապարակում, իսկ երկրորդ փուլը՝ իրական երթևեկության պայմաններում։

Քաղաքացին իրավունք ունի տեսական քննությունը հանձնելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում հանձնել գործնական քննության առաջին փուլը, իսկ առաջին փուլն անցնելուց հետո՝ 365 օրացուցային օրվա ընթացքում՝ գործնական քննության երկրորդ փուլը։ Իսկ փակ հրապարակում քննությունը հաղթահարելուց հետո, իրական երթևեկության պայմաններում կարող է քննությունը հանձնել նվազագույնը 15 օր հետո։ Նախքան 15 օրը լրանալը քննությունը հանձնելու ցանկության դեպքում վճարը կկազմի 90-ի (մոտ 30 դոլար) փոխարեն 160 լարի (մոտ 52 դոլար)։

Վարորդական իրավունք ձեռք բերել ցանկացողները փոփոխության համաձայն գործնական քննության երկրորդ փուլը կարող են հանձնել Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության կառուցվածքային 9 ստորաբաժանումներում՝ Ախալցիխե, Ռուսթավի, Գորի, Թելավի, Փոթի,  Քութաիսի, Սաչխերե, Օզուրգեթի և Բաթումի։