Ախալքալաքի կանանց խումբը նոր հնարավորություններ է փնտրում

Սամցխե-Ջավախեթիում գործող «Կանանց տնտեսական հզորացում» նախագիծը կանանց հնարավորություն է տվել դառնալու ակտիվ, կրթված, ֆինանսապես կայուն և անկախ։ Ծրագիրը գործում է Ախալքալաքի գյուղերում․ նպատակն է նպաստել կանանց ֆինանսական զարգացմանը։

Այժմ ծրագիրը հայտարարել է նաև տնտեսական դրամաշնորհային մրցույթ` բիզնես նախագծեր ֆինանսավորելու նպատակով։

Ախալքալաքի մունիցիպալիտետում ծրագրի համայնքային ներկայացուցիչ Լյոլյա Ռայիսյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ ծրագրի հիմքը դրվել է 2020 թվականին և քանի որ արդարացրել է կանանց հույսերը, որոշվել է հիմնադրել «Առաջ դեպի նոր հնարավորություններ» անվամբ նախաձեռնող խումբ։ Նպատակը բխում էր խնդրից. խնդիրն այն էր, որ շատերը` համապատասխան կրթություն չունենալու պատճառով չէին կարողանում աշխատել և լինել ֆինանսապես անկախ․

«Նախ` Սամցխե-Ջավախեթիի Կարտիկամ և Վաչիան գյուղերում գործում էին կանանց նախաձեռնող խմբեր, այնուհետև դրանք դարձան կազմակերպություն, և այսօր 4 գյուղերի կանայք հնարավորություն ունեն մեր ծրագրի շրջանակներում մասնակցելու տարբեր բնույթի դասընթացների, սովորելու որևէ արհեստ կամ լեզու, իսկ ուսումնական դրամաշնորհը շահելու դեպքում` սովորելու և տիրապետելու որևէ մասնագիտության» — պատմում են կազմակերպության անդամները «Ալիք մեդիայի» հետ զրույցում։

Ծրագրի շահառուներից մեկը Կարտիկամ գյուղի բնակչուհի Կլարա Կուլախսզյանն է, որը ծրագրին մասնակցել է աշխատանք գտնելու հույսով, քանի որ Երևանում պրոֆեսիոնալ կրթություն ստանալուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, սակայն համապատասխան աշխատանք չի կարողացել գտնել։

«Երևանում պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջն ավարտելուց հետո գյուղ վերադարձա այն ակնկալիքով, որ շուտով կանցնեմ իմ սիրելի աշխատանքին, սակայն երկար ժամանակ աշխատանք փնտրելուց հետո որոշեցի միանալ կանանց խմբին։

Ծրագրի շրջանակներում անցանք տարբեր դասընթացներ` նոր ունակություններ ու գիտելիք ձեռք բերելու համար», — պատմում է նա «Ալիք մեդիայի» հետ զրույցում։

Կուլախսզյանը նշում է, որ կանանցից շատերը սկսեցին կամ զարգացրին իրենց բիզնեսը, իսկ ինքը որոշեց նոր մասնագիտություն ձեռք բերել․

«Սկսեցի տիրապետել նոր արհեստի․ դիմահարդարում սովորեցի, որը և՛ հոբբի է, և՛ եկամտի աղբյուր։ Նաև կատարելագործեցի վրացերենի իմացությունս և համակարգչային ունակություններս»։