Ախալքալաքի սակրեբուլոյի ներկայացուցիչներն այցելել են Տուրցխ գյուղ

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամ Աննա Ղևենյանի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել Տուրցխ գյուղի բնակչության հետ, որին մասնակցել են սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, հանձնաժողովների նախագահներ Սեդա Մելքումյանն ու Սողոմոն Ասլանյանը, գյուղում քաղաքապետարանի լիազոր Սահակ Առաքելյանը, տեղեկացնում են Ախալքալաքի մունիցիպալիտետից:

Հաղորդագրության համաձայն՝ հիմնական հարցերը, որ հուզում են բնակչությանը, կապված են խմելու ջրի սեզոնային սակավության և ջրի մաքրության հետ.

«Ըստ բոլոր ներկաների, խմելու ջրի սակավության հարցն օրենքի սահմաններում և խիստ վերահսկողության պայմաններում հնարավոր է լուծել: Միաժամանակ նշեցին, որ ոռոգման համակարգում ևս խնդիրներ կան:

Կարտոֆիլի բերքից չեն դժգոհում, սակայն այստեղ էլ առկա է իրացման շուկայի բացակայության հարցը:
Երիտասարդներն ընդգծել են, որ վերանորոգվող երիտասարդական տան համար ցանկալի է ունենալ մարզական գույք՝ սեղանի թենիս, սպորտային այլ պարագաներ»:

Սակրեբուլոյի փոխանցած տեղեկության համաձայն՝ բնակիչներին գոհացնում է կենտրոնական իշխանության վարած քաղաքականությունը.

«Բնակիչները նշեցին, որ երկիրը խաղաղության պայմաններում շարունակում է զարգանալ տնտեսապես, ավելացել են կենսաթոշակները, և տեղեկացված են, որ հաջորդ տարի ևս կավելանան: Տեղական իշխանության աշխատանքից նույնպես գոհ էին. գյուղին անհրաժեշտ ջրամբարներ են կառուցվում, տարեցտարի ակնառու են փոփոխությունները դեպի լավը: Թե՛ քաղաքապետարանի, թե՛ սակրեբուլոյի գործունեության արդյունավետությունը համարում են կատարվող աշխատանքների հաջողության երաշխիքը»,- ասված է հաղորդագրության մեջ: