Ախալքալաքի շրջանում շատ ճանապարհներ մինչև այժմ շարունակում են փակ մնալ․ քաղաքապետ

Նախորդ մի քանի օրերի եղանակային վատ պայմանների՝ ուժեղ քամու և ձյան պատճառով Ախալքալաքի շրջանի որոշ գյուղերի ճանապարհներ դեռևս փակ և անանցանելի են։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը հայտնում է, որ արդեն 2 օր է ինչ իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ, 16 գյուղերի ճանապարհներ բաց են, մնացածն ընթացքի մեջ է։

«Ներկա պահին աշխատում ենք Բեժանո, Մոդեգամ և հարակից գյուղերի ճանապարհները բացելու ուղղությամբ, միաժամանակ նաև փորձում լուծել մյուս գյուղերի խնդիրները, որոնց պատճառը երեկվա և 2 օր առաջվա եղանակային սաստիկ պայմաններն էին»,«Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Մակարյանը։

Քաղաքապետը նշում է, որ անսպասելի եղանակը շատ վատ հետևանքներ է ունեցել, այժմ աշխատանքներ են տարվում տարբեր գյուղերում, ձևավորվել են աշխատանքային ժամանակավոր խմբեր։

«Այժմ Բորջոմիի քաղաքապետարանի հետ համատեղ ջանքերով փորձում ենք հարակից գյուղերի ճանապարհները բացել։ Ձյան շերտն այնքան հաստ ու կարծր է, որ մեր ունեցած տեխնիկան չի բավարարում» — ասում է քաղաքապետը՝ հավելելով, որ այս պահին շարունակում են փակ մնալ Աբուլ, Թախչա, Բուզավեթ, ինչպես նաև Բուղաշեն, Գոման, Զակ, Տրկնա և մոտակա գյուղերի որոշ ճանապարհահատվածներ։

«Այս եղանակից հիմնականում տուժում են հեռու գյուղերը, քաղաքին մոտ գտնվող գյուղերի ճանապարհը հեշտ է բացվում, լեռնային գյուղերը, որոնք առանց այդ էլ դժվար հասանելի են, ավելի են կտրվում աշխարհից» —  «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Աբուլ գյուղի բնակիչներից մեկը՝ հույս հայտնելով, որ այս օրերին շտապ օգնության կարիք որևէ մեկը չի ունենա, իսկ վնասներն էլ կփոխհատուցվեն։