Ախալքալաքում բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Ախալքալաքում ոստիկաններին դիմադրություն ցույց տալու և խուլիգանության մեղադրանքով բերման ենթարկված անձինք քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակվել:

Երեկ՝ հունիսի 6-ին, Ախալքալաքի կենտրոնում բնակիչների և պարեկային ոստիկանության աշխատակիցների միջև միջադեպ է տեղի ունեցել, այս մասին հաղորդել է jnews լրատվականը։

Ըստ լրատվամիջոցի, ականատեսները ասել են, որ ոստիկաններն ուժ են կիրառել երկու քաղաքացու նկատմամբ։

ՆԳՆ-ի հայտարարությունում ասված է, որ Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության աշխատակիցներն Ախալքալաքում երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են մի վարորդի: Նրան տուգանելիս մի խումբ այլ վարորդներ փորձել են միջամտել՝ դիմադրություն ցույց տալով ոստիկանության աշխատակիցներին, ինչպես նաև վիրավորել վերջիններիս։