Ինչի՞ կարիք ունի գյուղը. հարցում հայերով ու ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնիում

Մառնեուլիի շրջանում փետրվարի 15-ից մեկնարկել է գյուղերի աջակցության ծրագրի իրականացումը։ Ծրագրի շրջանակներում Մառնուլիի շրջանի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղին հատկացվել է 16 000 լարի (մոտ 5 333 դոլար)։ Փետրվարի 24-ին պատկան մարմիններն այցելելու են Խոժոռնի՝ գյուղացիների հետ քննարկելու առաջնային խնդիրներն ու այդ գումարը խնդիրների լուծման վրա ծախսելու հարցերը։

«Ալիք Մեդիան» այցելել է Խոժոնի և տեղում զրուցել գյուղացիների հետ՝ հասկանալու, թե ինչ նպատակով կցանկանային, որ ծախսվեր այդ գումարը։ Հատկանշական է, որ գյուղացիների համար առաջնային խնդիրները տարբեր են։

Խոժոռնի գյուղի բնակիչ, դպրոցի պատմության ուսուցիչ Լևոն Ղարիբյանի խոսքով, կարելի է շարունակել գյուղի լուսավորության, աղբամանների տեղադրման ծրագիրը.

«Կցանկանայի նաև առաջարկել, որ ցանկապատվեր դպրոցի հարակից տարածքը։ 1972 թվականին կառուցված դպրոցի հարակից տարացքում երբևէ ցանկապատ չի եղել»։

Մոսիկ Ղարիբյանը և Ռոստոմ Ղարիբյանը ևս կողմ են գյուղի չլուսավորված փողոցների լուսավորության ծրագրի շարունակությանը։

Նրանց կարծիքով, առաջնային է նաև միջոցառումների սրահ ունենալը։

Թոշակառու Ռուսիկ Մանուկյանը ևս կարևորում է լուսավորությունը, աղբամաններ տեղադրելը։

Նմանատիպ ցանկություն է հայտնում նաև Ղարո Մանուկյանը։ Նա գյուղում կատարված աշխատանքերը բարձր է գնահատում, և վստահ է, որ այս տարվա գումարը ևս նպատակային է ծախսվելու։

Գյուղի բնակչուհի Լուսինե Ասատրյանը գյուղի առաջնային խնդիրներից է համարում մանկապարտեզի և խաղահրապարակի բացակայությունը։

«Մանկապարտեզը կօգներ, որպեսզի երեխաները որոշ չափով ավելի պատրաստված գնային դպրոց»,- ասում է Ասատրյանը։

Մանկապարտեզի կառուցմանը կողմ է նաև Լյուդմիլա Ասատրյանը։ Ասատրյանի կարծիքով, այն կնպաստի գյուղի չծերանալուն, կստեղծի նոր աշխատատեղեր։

Խոժոռնի գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հարութ Մկրտչյանի կարծիքով, առաջնային խնդիրներից է երիտասարդական ժամանցի կենտրոնի բացակայությունը։ Մկրտչյանի խոսքով, կարելի է կառուցել վայր, որտեղ հնարավոր կլինի միջոցառումեր կազմակերպել և անցկացնել։

Ըստ թոշակառու Փաշիկ Վերմիշյանի՝ գյուղին հարկավոր է սրահ, որը նախատեսված կլինի ինչպես ուրախ, այնպես էլ տխուր միջոցառումների համար։

Թոշակառուներ Էմմա Ասատրյանը և Յուրիկ Սիրադեղյանը ևս դրական են արձագանքում փողոցների լուսավորմանը։ Նրանք, սակայն, կարևորում են նաև դեպի դպրոց տանող, գյուղի գլխավոր ճանապարհից կտրված, գյուղի կենտրոնից ոչ այդքան հեռու գտնվող փոքրիկ կամրջի և ճանապարհի կարգի բերելը։

Նշենք, որ Մառնեուլիի գյուղերի աջակցության ծրագրի համար 2022 թվականին պետական բյուջեից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի (մոտ 413 422 դոլար)։ Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 000 լարի է (մոտ 3 333 դոլար), իսկ առավելագույնը՝ 20 000 լարի (մոտ 6 666 դոլար)։