Երեկվա օրը համառոտ. փետրվարի 23

Փետրվարի 23-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 575 999-ի: Մեկ օրում արձանագրվել է 10 230 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 429 763։

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ փետրվարի 23-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 804 965 պատվաստում։ Առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 347 859 քաղաքացի կամ չափահաս բնակչության 46.9%-ը: Ամբողջությամբ (երկու դոզա) պատվաստվել է 1 243 218 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,3%-ը:

Երեկ Երևանում կայացել են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցել է Վրաստանի խորհրդարանի մշտական ​​պատվիրակությունը՝ Մակա Բոճորիշվիլիի գլխավորությամբ։ Այցի ընթացքում վեհաժողովի համանախագահներ Մակա Բոճորիշվիլին և Էնդրյու Կուբիլիուսը հանդիպել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովը քննարկել է «Արևելյան գործընկերության երկրներում էներգետիկ անվտանգության և դիմակայունության մարտահրավերները և կայունությունը Եվրոպական կանաչ գործարքի եւ մաքուր էներգիայի անցման համատեքստում» նախագիծը, որի համահեղինակներն են Վրաստանի պատվիրակության անդամ Մայա Բիտաձեն և Եվրախորհրդարանի անդամ Բրոնի Ռոփը։ Հանձնաժողովների նիստերի ընթացքում քննարկված բանաձեւերի նախագծերը կհաստատվեն Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի տասներորդ լիագումար նիստում։

Այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 00:00-ին՝ Սենակի-Թբիլիսի, իսկ ժամը 03:00-ից մինչև 06:00-ը Թբիլիսի-Սենակի թունելի ուղղություններով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:

Խորհրդարանում 1921-ի փետրվարյան մարտերում զոհված յունկերների հիշատակին նվիրված միջոցառմանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն այսօր անկախ է, սակայն դեռ պետք է միավորի երկիրը, վերականգնի տարածքային ամբողջականությունը։ Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը պետք է շարունակի ձգտել այն իդեալներին, որոնք կրում էին խորհրդային բռնազավթման դեմ պայքարում զոհված Թիֆլիսի ռազմական ուսումնարանի սաները՝ յունկերները։

Երեկ՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ Թբիլիսիում և ողջ Վրաստանում ընտանի կենդանիների բուծումը, ներառյալ վաճառքի համար, հնարավոր կլինի միայն հատուկ թույլտվությամբ։ Քաղաքապետի խոսքով, կենդանիների մոնիտորինգի գործակալության և խորհրդարանի աշխատակիցների ներգրավմամբ քաղաքապետարանն աշխատում է հատուկ օրինագծի վրա։ Ըստ Կալաձեի՝ օրենքով կկարգավորվեն ոչ միայն ընտանի կենդանիների բուծման, այլև խնամքի կանոնները։

Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության՝ փետրվարի 23-ին Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Վրաստանում ԵՄ երկրների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ՝ քննարկելու Ուկրաինայի հարցը։

Նախարարության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և ընթացիկ գործընթացների ազդեցությունը ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության վրա։

Վրաստանի ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցությունը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 2022 թվականի մարտի 5-ին, ժամը 17:00-ին բողոքի ակցիա է հայտարարել։ Այս որոշման մասին քաղաքական խորհրդի նիստից հետո հայտարարել է կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան։ Մելիայի խոսքով՝ հանդիպմանը որոշվել է, որ կուսակցության գլխավոր խնդիրը «Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը փրկելն է»։

Փետրվարի 23-ին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անդրադառնալով Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու մասին հարցին, ասել է՝ Վրաստանի կառավարությունը գործում է ելնելով վրաց ժողովրդի, ոչ թե «Ազգային շարժման» շահերից։

«Մենք առաջնորդվում ենք մեր երկրի և ժողովրդի անվտանգության շահերով և Ուկրաինայի ժողովրդի անվտանգության շահերով, այդ սկզբունքներից և նպատակներից ելնելով, անկասկած, կկանգնենք Ուկրաինայի կողքին», — ասել է Պապուաշվիլին՝ պատասխանելով նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» կողմից հնչող մեղադրանքներին, թե իշխանությունները հապաղում են Ուկրաինայի հարցում որոշումներում։

2022 թվականի սեպտեմբերի 25-29-ը Վրաստանում տեղի կունենա Դատախազների միջազգային ասոցիացիայի 27-րդ ամենամյա համաժողովը: «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, այս մասին նշված է ասոցիացիայի կայքում հրապարակված Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հայտարարությունում։

«Միջազգային նշանակության դատախազների համաժողովը լավ հնարավորություն է տարբեր երկրների դատախազների միջև փորձը կիսելու և կարևոր ոլորտներին ծանոթանալու համար», — ասվում է գլխավոր դատախազի հայտարարության մեջ:

Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով՝ դիտարկվում է անտառային տնտեսության կամ գյուղատնտեսական հողերի մելիորացիայի ոլորտում հազարավոր մարդկանց աշխատանքի տեղավորում։

«Մարտի 1-ից մեկնարկելիք ծրագրի շրջանակներում մեր նախարարությունը պատրաստ է մի քանի հազար մարդու ներգրավել հասարակական գործունեությանը, առաջարկել նրանց կոնկրետ աշխատատեղեր, որոնք թույլ կտան ակտիվորեն իրացնել իրենց ներուժը»,- ասել է Շամուգիան։

Պատգամավոր Գիորգի Վաշաձեի՝ առողջապահության նախարարությունից պահանջած տվյալների համաձայն՝ 600.000 սոցիալապես անապահովներից աշխատունակ են 302.000-ը, որոնցից 50.000-ը համարվում է աշխատանքի տեղավորված, իսկ 252.000-ը՝ գործազուրկ։

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Վրաստանի»՝ Վրաստանի նահանգապետերի ու նրանց տեղակալների 2021 թվականի հայտարարագրերը թերի են։ Կազմակերպության հաշվետվության համաձայն՝ 36 պաշտոնյաներից հայտարարագրերը սխալ են լրացրել 12-ը։ Նշվում է, որ նրանցից 6-ը տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերը պաշտոնը ստանձնելուց հետո կառավարման իրավունքով այլ անձի չեն փոխանցել։

Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլիի նախաձեռնությամբ շրջանի 18 մունիցիպալտիտետների տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնվեց 18 գյուղատնտեսական տեխնիկա, ընդ որում՝ Մառնեուլիի քաղաքապետարանին՝ 5 տրակտոր, Գարդաբանին՝ 4, Դմանիսիին՝ 3, Բոլնիսիին, Թեթրիսծկղարոյին և Ծալկային 2-ական տրակտոր։

Փետրվարի 23-ին վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1,32 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,0162 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթը արժեզրկվել է 1,86 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,4249 լարի։