Պապուաշվիլին՝ Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անդրադառնալով Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու մասին հարցին, ասել է՝ Վրաստանի կառավարությունը գործում է ելնելով վրաց ժողովրդի, ոչ թե «Ազգային շարժման» շահերից։

«Մենք առաջնորդվում ենք մեր երկրի և ժողովրդի անվտանգության շահերով և ուկրաինացի ժողովրդի անվտանգության շահերով, այդ սկզբունքներից և նպատակներից ելնելով, անկասկած, կկանգնենք Ուկրաինայի կողքին», — ասել է Պապուաշվիլին՝ պատասխանելով նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» կողմից հնչող մեղադրանքներին, թե իշխանությունները հապաղում են Ուկրաինայի հարցում որոշումներում։

Պապուաշվիլիի խոսքով, «Ազգային շարժումը» փորձում է սեփական օրակարգը բարձրացնել.

«Տարբեր երկրներ տարբեր միջոցներ են ձեռնարկում՝ կախված նրանից, թե ինչ լծակներ ունեն, Վրաստանի կառավարությունը նույնպես կգործի՝ իր շահերից ու նպատակներից ելնելով»:

«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքերով էլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցով քննարկումներ լինելու են։

Նշենք, որ փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է Ոկրաինայից անջատված Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները։

Այս որոշման պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանում ԵՄ երկրները և ԱՄՆ-ն։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միացել են նաև Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան։