Ընտանի կենդանիների բուծումն ու վաճառքը՝ միայն թույլտվությամբ

Թբիլիսիում և ողջ Վրաստանում ընտանի կենդանիների բուծումը, ներառյալ վաճառքի համար, հնարավոր կլինի միայն հատուկ թույլտվությամբ։ Այս մասին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Քաղաքապետի խոսքով, կենդանիների մոնիտորինգի գործակալության և խորհրդարանի աշխատակիցների ներգրավմամբ քաղաքապետարանն աշխատում է հատուկ օրինագծի վրա։

Ըստ Կալաձեի՝ օրենքով կկարգավորվեն ոչ միայն ընտանի կենդանիների բուծման, այլև խնամքի կանոնները։

«Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, իրար դեմ կռվեցնելը կտրականապես անընդունելի են: Գոյություն ունի ամուր իրավական հիմք մունիցիպալիտետներում այս խնդիրների մարտահրավերները արդյունավետորեն լուծելու համար»,- ասել է Կալաձեն։

Կալաձեի խոսքով՝ Վրաստանում ծրագրվում է մարդասիրական ճանապարհով նվազեցնել անտուն կենդանիների թիվը։