Վրաստանում Զատկի տոնին սահմանափակումներ կլինեն, թե ոչ` դեռ պարզ չէ

Եթե Վրաստանում Զատկի օրերին պահպանվի համաճարակային նույն իրավիճակն, ինչ հիմա է, սահմանափակումներ չեն լինի:

Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների  կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն: Վարակաբանները ևս մեկ անգամ կոչ են արել` հետևել բոլոր կանոններին` Զատիկն առանց արգելքների նշելու համար: Ըստ Գամկղրելիձեի` օրական 400, 500, 600 դեպքերը վերահսկելի կարելի է համարել, ու դրանք չեն դառնա նոր սահմանափակումների պատճառ: Իսկ եթե ներքին ընդհանուր տարածում լինի, անխուսափելի է լինելու սահմանափակումներ մտցնելը:

Ուղղափառ եկեղեցին այս տարի Զատիկը տոնում է մայիսի 2-ին:

Հիշեցնենք` նախորդ տարի կորոնավիրուսի ալիքի տարածումը կանխելու նպատակով` հորդորել էին եկեղեցի չգնալ ու ներկա չլինել Զատկական պատարագին. ընդ որում` նախորդ տարի երկրում կարանտին ու պարետային ժամ էր, բայց եկեղեցին չհրաժարվեց արարողությունից:

2020-ին արգելվեց նաև գերեզմանոցներ այցելելը: Ոստիկանների կողմից փակվել էին  գերեզմանատներ տանող բոլոր մուտքերը: