Ախալքալաքում չեն պատվաստվում. վերադարձվել է պատվաստանյութի 290 չափաբաժին

Ախալքալաքում ստացած AstraZeneca տեսակի պատվաստանյութի 300  չափաբաժնից, կլինիկայի վարչակազմը 290-ը վերադարձրել է Թբիլիսի: Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանի վրաստանյան ծառայությունը։

Հոսպիտալի տնօրենի խոսքով, պատվաստամիջոցի ժամկետն անցնում էր, իսկ պատվաստվելու ցանկություն ունեցող չկար:

Բուժհաստատությունում 10 դոզա պատվաստանյութ է պահվում, որի ժամկետն անցնում է մայիսին: Մենեջերի խոսքով, մեկ ամսվա ընթացքում պատվաստվելու ցանկություն ո’չ բուժաշխատողներն են հայտնել, ո’չ՝ 55  տարեկանից բարձր քաղաքացիները:

Ախալքալաքի հոսպիտալի 160  աշխատակիցներից ոչ ոք չի պատվաստվել, սա բուժաշխատողները բացատրում են կոնկրետ AstraZeneca տեսակի պատվաստանյութի հանդեպ անվստահությամբ:

Սամցխե Ջավախքի շրջանը 1 400 չափաբաժին Աստրազենեկա ստացել է մարտի 15 -ին: Այս պահի դրությամբ պատվաստվել են միայն «Իմեդի» կլինիկայի 20  և Բորջոմիի կլինիկայի 6 բուժաշխատողներ: Ախալցիխեի բուժքրոջ մահվանից՝ մարտի 18-ից հետո ամբողջ շրջանում ոչ ոք չի պատվաստվել: