Այսօր մեկնարկում է «Թբիլիսի․ մետաքսի ճանապարհ» համաժողովը

Այսօր և վաղը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հերթական անգամ կանցկացվի «Թբիլիսի․ Մետաքսի ճանապարհ» համաժողովը:

Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, ֆորումն իրենից ներկայացնում է բարձր մակարդակի երկխոսություն կառավարությունների և բիզնեսի հատվածների միջև, բացի այդ, կազմակերպությունների և գործարար ոլորտի ներկայացուցիչների միջև երկկողմ և բազմակողմ հանդիպումների համար լավագույն հարթակներից է:

«Թբիլիսի․ Մետաքսի ճանապարհը» կարևոր առիթ է Ասիայի և Եվրոպայի միջև տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի խորացման համար: Ֆորումին ներկա կգտնվի ավելի քան 60 երկրի ավելի քան 200 պատվիրակ, այդ թվում՝ ավելի քան 30 պաշտոնական պատվիրակության և մոտ 400 արտասահմանյան մասնավոր հատվածի ներկայացուցիչ:

Ֆորումին կմասնակցեն Հայաստանի և Ուզբեկստանի փոխվարչապետերը, մի շարք երկրների առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի նախարարները, դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային դասի փորձագետներ և լրագրողներ: