Այսօր նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի

«Միացյալ ազգային շարժումը» սպանության համար դատապարտվածներին համաներում շնորհելու որոշման կապակցությամբ այսօր ժամը 19:00-ին նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի:

Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլին: Նրա խոսքով նախագահի որոշումները համաներման վերաբերյալ երկրի համար շատ ծանր և վնասաբեր են:

«Փաստ է, որ Սալոմե Զուրաբիշվիլի ցանկացած ելույթ, ցանկացած հայտարարություն և որոշում երկրի համար վնասակար է, ներքին ու արտաքին սկանդալների առիթ», հայտարարել է Ուդումաշվիլին:

Նա նաև ենթադրել է, որ նախագահի աշխատակազմում կա կաշառակերություն և հենց դա է  նշված համաներումների պատճառը:

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 28-ին նշվող «Մարիամոբա» տոնի առթիվ համաներում շնորհեց 34 դատապարտյալի, որոնց թվում էր 12 տարվա ազատազրկման դատապարտված Ռամազ Դևաձեն: Նա իր պատիժն էր կրում Բաթումիում՝ 22 ամյա ոստիկանին սպանելու համար: Սա մեծ աղմուկ բարձրացրեց երկրում և բողոքի ցույցերի պատճառ դարձավ։ Օրեր անց հայտնի դարձավ, որ համաներում ստացած անձանց թվում են նաև անչափահասի սպանության համար դատված Զուրաբ Նադիրաձեն և հետախուզման մեջ գտնվող մեկ անձ: