Նախագահը համաներում է շնորհել հետախուզման մեջ գտնվող անձի

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին անդրադարձել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ «Մարիամոբա» տոնի առթիվ շնորհած համաներմանը՝ ասելով, որ համաներում շնորհածների մեջ կա նաև հետախուզման մեջ գտնվող անձ:

«Ես ակնկալում էի, որ ինչպես մյուս համաներումների դեպքում էին նախագահը կամ նրա վարչությունից մեզ հարց ուղղում, թե արդյո՞ք այս դատապարտյալը իսկապես տանը երեխաներ ունի կամ իսկապե՞ս հիվանդ է, արդյո՞ք նա իսկապես ուռուցք ունի: Սակայն այս դեպքում նման հարցում չի կատարվել։ «Մարիամոբա» համաներման ժամանակ մենք ստացանք նախագահի ստորագրած փաստաթուղթը, որտեղ նշված 24 հոգուց 23-ը ազատվեցին բանտից, իսկ մեկը՝ ոչ, քանի որ նա դեռ հետախուզման մեջ է գտնվում», —  Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Ծուլուկիանին:

Ծուլուկիանին չի նշել հետախուզման մեջ գտնվող անձի անունը, սակայն ասել է, որ նախագահի կողմից համաներում ստացածը հետախուզվում էր 2009-10 թվականներից:

Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 28-ին նշվող «Մարիամոբա» տոնի առթիվ համաներում շնորհեց 34 դատապարտյալի, որոնց թվում էր 12 տարվա ազատազրկման դատապարտված Ռամազ Դևաձեն: Նա իր պատիժն էր կրում Բաթումիում 22 ամյա ոստիկանին սպանելու համար: Սա մեծ աղմուկ բարձրացրեց երկրում և բողոքի ցույցերի պատճառ դարձավ։

Սեպտեմբերի 7-ին մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ նախագահի մամուլի խոսնակ Խաթիա Մոիսծրափիշվիլին հեռացել է պաշտոնից: Նա դեռ հայտարարություն չի արել նշվածի վերաբերյալ, սակայն ենթադրվում է, որ պատճառը նախագահի հետ անհամաձայնություններն են:

Ավելին՝ Նախագահ Զուրաբիշվիլին կրկին ուշադրության կենտրոնում. ի՞նչ է կատարվում անդրադարձում։