Ալիևն ու Թուրնավան քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի երկկողմ ռազմավարական հարաբերությունները

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպմանը Թուրնավան շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին՝ Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցում Ադրբեջանի ցուցաբերած աջակցության համար: Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Նշվել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է և հուսալի հարևանը, ուստի Վրաստանը մեծ ուշադրություն է դարձնում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղության պահպանման անհրաժեշտությունը, որը կարևոր է երկրների լիարժեք զարգացման և գլոբալ նշանակություն ունեցող տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացման համար:

Հիշեցնենք՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան պաշտոնական այցով սեպտեմբերի 17-18-ին Ադրբեջանում է: Նախարարը մի շարք հարցերի շուրջ քննարկումներ է անցկացնում Բաքվում:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկատվությամբ, այցի նպատակը երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացումն է և Վրաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի պատրաստումը: