Վրաստանում կենսաթոշակն ավելի ցածր է, քան Հայաստանում

Վրաստանում կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի ընդամենը 17 տոկոսը, ինչը ամենացածր ցուցանիշն է հարևան երկրների միջև:

Վրաստանում միջին կենսաթոշակը 315 լարի է, այսօրվա փոխարժեքով մոտ 120 դոլար։ Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը եղել է 295 լարի։ Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) վերջին տվյալներով այն կազմում է 1 855 լարի կամ այսօրվա փոխարժեքով մոտ 700 դոլար։ Արդյունքում ստացվում է, որ երկրում կենսաթոշակը միջին աշխատավարձի 17 տոկոսն է։

BusinessMediaGeorgia լրատվականը՝ վկայակոչելով հարևան երկների լրատվամիջոցներին, վիճակագրական ծառայություններին գրել է, որ.

  • Վրաստանից հետո ամենացածր ցուցանիշն ունի Ռուսաստանը՝ 35,8 տոկոս։ Ավելի կոնկրետ՝ 2024 թվականի փետրվարի դրությամբ Ռուսաստանում միջին աշխատավարձը կազմում է 711 դոլար, իսկ միջին կենսաթոշակը կազմում է՝ 255 դոլար,
  • Հայաստանում միջին աշխատավարձը 431 դոլար է, իսկ միջին կենսաթոշակը՝ 172 դոլար: Արդյունքում ստացվում է, որ ՀՀ-ում կենսաթոշակը միջին աշխատավարձի 40 տոկոսն է։
  • Թուրքիայում միջին աշխատավարձը 452 դոլար է, իսկ միջին կենսաթոշակը՝ 240 դոլար։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ կենսաթոշակը կազմում է աշխատավարձի 53 տոկոսը։
  • Լավագույն իրավիճակը Ադրբեջանում է, որտեղ 2024 թվականի հունվարի 1-ից միջին կենսաթոշակը 256-ից դարձել է 285 դոլար։ Իսկ միջին աշխատավարձը՝ 458 դոլար է։ Արդյունքում ստացվում է, որ Ադրբեջանում կենսաթոշակը միջին աշխատավարձի 62,2 տոկոսն է։