Եղանակով պայմանավորված սահմանափակումներ Վրաստանի ճանապարհներին

Ինտենսիվ ձյունն ու մերկասառույցը խնդիրներ են ստեղծել Վրաստանի մի շարք ճանապարհներին։ 

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։

Կախեթի տանող՝ Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհի 37-55 կմ-ին՝ Վերոնա-Շուամթա հատվածում երթևեկել թույլատրվում է միայն պաշտպանիչ շղթաներով։

«Գրեթե ամբողջ գիշեր ձյուն է տեղացել, ու ջերմաստիճանը կտրուկ նվազել է։ Մեր ծառայությունը ամբողջ գիշերվա ընթացքում մաքրել է ճանապարհների վտանգավոր հատվածները։ Ճանապարհներին տեխնիկական աղ է լցվել։ Անցել ենք շուրջօրյա արտակարգ աշխատանքի»,- ասել է «Գզամշենի» ընկերության տնօրեն Թարիել Լաչաշվիլին՝ հավելելով, որ այս պահին ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար որևէ խնդիր չկա։

Ամբողջությամբ փակ է Սվանեթի բարձ լեռնային շրջանը։ Բոլոր տրանսպորտային միջոցների համար սահմանափակված է երթևեկը նաև Զուգդիդի-Ջվարի-Մեսթիա-Լասդիլի ավտոմայրուղու 186-198 կմ հատվածը։

Հինգշաբթի օրվանից բեռնատարների համար փակ է նաև վրաց-ռուսական սահման տանող՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբա հատվածը։

Հիշեցնենք, որ առաջին ձյունը տեղացել է նաև մայրաքաղաք Թբիլիսիում։