ԵԱՀԿ-ի նիստում դատապարտել են հայտնի բժշկի ձերբակալման փաստը

ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստին, վրացական կողմի նախաձեռնությամբ քննարկել են Վաժա Գափրինդաշվիլիի ձերբակալությունը։ 

Ըստ Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության՝ Վրաստանի՝ ԵԱՀԿ ներկայացուցիչ Դավիթ Դոնդուան ԵԱՀԿ դեսպաններին ներկայացրել է նոյեմբերի 9-ին Վրաստանի օրթոպեդների և վնասվածքաբանների ասոցացիայի նախագահ Վաժա Գափրինդաշվիլիի առևանգման և «սահմանը հատելու» մեղադրանքով նրան ազատությունից զրկելու փաստը։ Նա ասել է, որ բժշկի առևանգման մասին տեղեկացված է միջազգային հանրությունը, գործընթացում ներգրավված են Ժնևյան բանակցությունների համանախագահները, Կարմիր Խաչը։

Նիստի ընթացքում ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հօգուտ Վրաստանի հայտարարություններ են արել։ Նրանք վերահաստատել են Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը և մտահոգություն են հայտնել՝ ստեղծված հումանիտար իրավիճակի շուրջ։  Ելույթ ունեցողները նշել են 2008-ի օգոստոսի 12-ին  ձեռք բերված՝ կրակի դադարեցման մասին պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, նաև ընդգծել են ձերբակալված բժշկին անհապաղ ազատ արձակելու և շփման գծում տեղաշարժման ազատությունը վերականգնելու անհրաժեշտությունը։

Լուսանկարը՝ MediClubGeorgia-ի ֆեյսբուքյան էջից