Այսօր վարչապետի հրաժարականի պահանջով հերթական ակցիան կանցկացվի

Այսօր Վրաստանի խորհրդարանի դիմաց տեղի կունենա վարչապետի հրաժարականը պահանջող լրատվամիջոցների հերթական ակցիան: «TV Pirveli»- ի հիմնադիր Վատո Ծերեթելին ասել է, որ ակցիան մեկնարկելու է  ժամը 18:00-ին, լինելու է մասշտաբային:

Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկի՝ «Ամոթ է» շարժման ներկայացուցիչ Գիգի Մակարաշվիլիի հայտարարության համաձայն`  ակցիաներն անդադար են լինելու:

Հիշեցնենք` հուլիսի 5-ից հետո Վրաստանում անհանգիստ է: ԼԳԲՏ համայնքի տապալված Արժանապատվության երթից և լրագրողների նկատմամբ մասսայական բռնությունից հետո քաղակտիվիստները, ընդդիմադիր կուսակցություններն ու լրագրողները շարունակում են փողոցային պայքարի ու այլ մեթոդներով պահանջել կառավարության հրաժարականը: Օրերս կառավարության շենքում լրագրողներն ու օպերատորները պերֆորմանսով ընդհատել են կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը, մի քանի րոպե պահել մահացած  Լեքսո Լաշքարավայի լուսանկարները, որոնցում երիտասարդ օպերատորը ծեծված է, աչքը լուրջ վնասված: Լրագրողները նաև վարչապետի հրաժարականի պահանջով գրությամբ պաստառներ են պարզել, այդ ամենը հեռարձակել ուղիղ եթերում: Ֆորմուլա լրատվամիջոցի ներկայացուցիչն ասել է, որ լրագրողական համայնքը համակարծիք է` հոմոֆոբ և բռնություն թույլ տվող վարչապետն ու կառավարությունը պետք է հեռանան: Հիշեցնենք նաև, որ Ղարիբաշվիլին արդեն արձագանքել է իր հրաժարականի պահանջին, ասել է, որ նման մտադրություն չունի, իսկ այս ամենը համարել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի սցենար: