«Պատժեք բռնարարներին, Ղարիբաշվիլի` հրաժարական տվեք». հանրահավաք Թբիլիսիում

Հարյուրավոր մարդիկ այսօր կրկին Թբիլիսիի փողոցներում էին:

Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը և հուլիսի 5-ի անկարգությունների կազմակերպիչների պատիժը պահանջող մեծամասշտաբ հերթական ակցիան անցկացվեց:

Ակցիան սկսվեց ծայրահեղական հոմոֆոբ խմբավորումների կողմից լրագրողների նկատմամբ բռնության տեսանյութերի ցուցադրությամբ:

Հանրահավաքի հիմնական կարգախոսները` «Բռնարարները պետք է պատժվեն»  և «Իրակլի Ղարիբաշվիլի՝ հրաժարական տվեք»:

Ելույթ ունեցողների թվում էին  հեռուստահաղորդավարներ, քաղաքական ու  հասարակական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ:

Լրագրողների բողոքի ցույցերը Վրաստանում սկսվեցին անցյալ կիրակի ՝ ԼԳԲՏ հակաակտիվիստների կողմից դաժան ծեծի ենթարկված`  «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահից հետո:

Լաշքարավան վնասվածքներով հոսպիտալացվել էր, վիրահատվել, մի քանի օր անցկացրել հիվանդանոցում ու դուրս գրվել, օրեր անց` մահացել անհայտ հանգամանքներում:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Լաշքարավայի հանկարծակի մահը կապում է թմրանյութերի գերդոզավորման հետ: Լաշքարավայի մտերիմներն ու գործընկերները չեն վստահում փորձաքննությանը, իսկ ընտանիքը կարծում է, որ իշխանությունները մեծ արշավ են սկսել նրան վարկաբեկելու համար:

Ընդհանուր առմամբ` հուլիսի 5-ին հոմոֆոբ գործողությունների ընթացքում տարբեր լրատվամիջոցների 53 աշխատակից է տուժել: Այս պահի դրությամբ` այդ օրվա անկարգությունների գործի շրջանակներում նույնականացվել և բերման է ենթարկվել 24 անձ: Անկարգությունների կազմակերպման համար դեռ ոչ ոքի մեղադրանք չի ներկայացվել: