Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը և դուրս բերել զորքերը Վրաստանի երկու բռնազավթված տարածքներից:

Ստոլտենբերգն այս կոչով հանդես է եկել դեկտեմբերի 4-ին Բրյուսելում՝ Վրաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո: Դաշինքի առաջնորդի հայտարարությամբ, ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների, ՆԱՏՕ-ն վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն ավելացրել է իր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում:

Ստոլտենբերգը նշել է, որ նախարարների հետ հանդիպման ժամանակ հաստատվել է դաշինքի աջակցությունը Վրաստանին և Ուկրաինային և համաձայնեցվել, որ կշարունակվի աշխատանքը՝ ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության պատրաստման համար: Հաղորդում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը: