Եվրահանձնաժողովն այսօրվանից կասեցնում է առանց վիզայի ուղևորությունը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար՝ վիզաների կասեցման արդիականացված մեխանիզմի շրջանակներում:
Եվրահանձնաժողովի ուղեցույցներն անդամ պետություններին նաև հանձնարարել են ուժեղացված ստուգումներ իրականացնել ԵՄ սահմանը հատող Վրաստանի բոլոր քաղաքացիների նկատմամբ:
«Այս կանոնի չկատարումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի երկիր: Նաև` Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողները երբ դիմում են Շենգենյան վիզայի համար, անդամ երկրներին հանձնարարվում է իրականացնել մանրակրկիտ ստուգումներ, որոնք ներառում են հարցազրույցներ և դիմողներից լրացուցիչ փաստաթղթերի պահանջում: Անդամ երկրները պետք է մերժեն վիզայի տրամադրումը դիմողների հայտնած տեղեկատվության հավաստիության վերաբերյալ կասկածների դեպքում», — հայտարարել է Եվրահանձնաժողովը:
Սա առաջին դեպքն է, երբ կիրառվում է վիզաների կասեցման նոր, ուժեղացված մեխանիզմը: Ժամանակավոր կասեցումն ուժի մեջ է մտնում այսօր և կտևի 12 ամիս՝ մինչև 2027 թվականի մարտի 6-ը: Եթե Վրաստանի իշխանությունների կառավարման և օրենքի գերակայության հարցերը չլուծվեն, Հանձնաժողովը կարող է երկարաձգել կասեցման ժամկետը մինչև 24 ամիս: Հանձնաժողովը կարող է նաև որոշում կայացնել այս միջոցը Վրաստանի բոլոր քաղաքացիների վրա տարածելու մասին:
«Այս ընթացքում իրավիճակի շտկումը կախված է Վրաստանի իշխանություններից: Հանձնաժողովը կոչ է անում Վրաստանի իշխանություններին կոնստրուկտիվ կերպով ներգրավվել այս գործընթացում», — հայտարարել է Եվրահանձնաժողովը: