ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է վրաց ժողովրդին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է վրաց ժողովրդին և իշխանություններին՝ Ռաճայի շրջանում ողբերգական աղետի զոհերի կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ Վրաստանի Ռաճայի շրջանում մարդկային կյանքեր խլած աղետի լուրից:

Ցավակցություն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և Վրաստանի իշխանություններին այս դժվարին պահին, զոհվածների հարազատներին տոկունություն և համբերություն մաղթում», — թվիթերի միկրոբլոգում վրացերենով գրել է Միրզոյանը։

Ժամը 16։00-ի դրությամբ Շովիում զոհերի թիվը հասել է 11-ի: Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Երեկ՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ արևմտյան Վրաստանի Շովի բարձրլեռնային քաղաքում սողանքային գործընթացներ են ակտիվացել: Փրկարարական աշխատանքները սկսվել են ծանուցումից մոտ 3 ժամ անց։ Այսօր՝ օգոստոսի 4-ին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է աղետի գոտի։

Աղետի գոտում 25 մարդ անհետ կորած է համարվում։