Վրաստանցի լրագրողները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Ապրիլի 15-ին  Թբիլիսիի պետհամալսարանում, վրացական հեռուստաընկերությունների   Ղարաբաղյան հակամարտությունը լուսաբանած  լրագրողների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել:   

Ուսանողական ինքնակառավարման խորհրդի նախաձեռնությամբ անցկացված միջոցառման ընթացքում լրագրողները ներկայացրել են նաև շփման գծի, ադրբեջանական ու ղարաբաղյան կողմում իրենց կողմից նկարահանված տեսանյութերը:

Մինչ նրանք կպատմեին, թե ինչ են տեսել, համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ  Ռեզո Ջորբենաձեն ներկայացրեց հակամարտությունը՝պատմական և քաղաքական  տեսանկյունից: Անդրադառնալով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին՝ քաղաքագետն այն անվանեց տարածքային հակամարտություն.

«Սա ավելի  շատ տարածքային հակամարտություն է.  մի կողմից Ադրբեջանը փորձում է վերադարձնել իր տարածքները, մյուս կողմից Հայաստանը փորձում է պահպանել դրանք: Այս հարցը վիճելի է դեռևս ցարական ժամանակներից: Բնականաբար, երբ հարևան երկրների միջև հարաբերությունները սրվում են,  դա  այս կամ այն  կերպ անդրադառնում է նաև Վրաստանի վրա: Այդ պատճառով Վրաստանը պետք  է զգուշություն դրսևորի: Իմ կարծիքով՝ Ադրբեջանը որոշ  տարածքներ կվերադարձնի, որից հետո  միայն կողմերը կբանկացեն  խաղաղության հաստատման շուրջ»

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը այն եզակի լրատվամիջոցներից էր, որի նկարահանող խմբերը աշխատում էին  շփման գծի երկու կողմում:  Այդ օրերին հեռուստաընկերության կողմից Ադրբեջանում աշխատած Դավիթ Քաշիաշվիլին  պատմում է.

«Մենք որոշ խնդիրներ ունեցանք Ադրբեջանի անվտանգության մարմինների հետ, քանի որ հավատարմագրված չէինք, իսկ այդ գործընթացը` ինչպես պարզեցինք, բավականին երկար ժամանակ է պահանջում: Բայց կարճ ժամանակ անց մեզ վստահեցին և թույլ տվեցին աշխատել: Պետք է նշել,  որ  սահմանին  մոտ  ադրբեջանական Գորամբո և  Տերտեր շրջանների գյուղերում բազմաթիվ տներ էին վնասվել՝ հավանաբար հայկական կողմի հրետակոծության հետևանքով: Այդ գյուղերում մենք չհանդիպեցինք  որևէ երեխա կամ տարեց կնոջ, ով կասեր, թե վախենում է: Բայց այդ պայմաններում չվախենալ` ես դժվար եմ պատկերացնում»

Ադրբեջանից  հակամարտությունը լուսաբանած «Իմեդի» հեռուստաընկերության լրագրող Դավիթ   Ցագարելին հավելեց.

«Հատկանշական է, որ ռուսերենը տեղաբնակների մոտ բացասական  էր ընկալվում: Այս հանգամանքը հիմնականում կապված է ռուսական «life news» հետուստաընկերության կողմից պատրաստված ռեպորտաժի հետ, որը, ինչպես նշում էին տեղացիները, ոչ ստույգ տեղեկատվություն էր տարածել»

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության՝  Արցախում աշխատած լրագրող Դավիթ Կակուլիայի համոզմամբ` տեղեկատվական պատերազմում Ադրբեջանը պարտվել է.

«Տեղեկատվական պատերազմում հաղթեց Երևանը, այս փաստը հաստատում էին նաև տեղում աշխատող միջազգային լրագրողները: Հաղթանակը պայմանավորված էր այն հանգամանքով, որ  հայկական կողմից, ընդհուպ մինչև շփման գիծ, մամուլի համար սահմանափակումներ չկային: Ադրբեջանում մի շարք բյուրոկրատական գործընթացներով պետք էր անցնել և ապա հավատարմագրման համար որոշ  ժամանակ սպասել»

Դավիթ Կակունիան խոսեց նաև հայկական կողմի` իր խոսքերով չակերտավոր լավ մտահղացման մասին.

«Շուրջ 25 կազմակերպություն ներկայացնող լրագրողներին տեղավորեցին մեկ երթուղայինի մեջ: Հաշվի չէր առնվել անվտանգության հարցը եւ  չափազանց մեծ էր հավանականությունը, որ մենք եւս վնասվածքներ կստանաինք: Դա իհարկե Հայաստանի շահերից  էր բխում:  Փառք Աստծո,  բարեհաջող տեղ հասանք:»   

Լրագրողը հայկական կողմում Ռուսաստանի քաղաքականության հանդեպ մեծ դժգոհություն է նկատել: Կակունիան  պատմեց նաև  իր ուշադրությունը գրաված այլ իրադարձությունների մասին.

«Առաջինը, որ կուզենայի  նշել դա մեծաթիվ կամավորների ներկայությունն էր:  Արդեն շուրջ 9 տարի է աշխատում ռազմական լրագրության ոլորտում, սակայն այսքան կամավոր որևէ տեղ չէի տեսել: Կամավորների հոսքն առաջնագիծ չէր դադարում, ինչի արդյունքում որոշում կայացվեց դադարեցնել այդ ընթացքը: Մեկ այլ շատ կարևոր հանգամանք. Տեխնիկան, որ բերվում էր առաջնագիծ, կարող եմ վստահորեն ասել, որ  հայկական կողմի համար երկարաժամկետ պաշտպանության  պատրաստվելու համար էր:»   

Նշենք, որ միջոցառման ընթացքում պարբերաբար մթնոլորտը թեժանում էր ազգությամբ հայ և ադրբեջանցի մասնակիցների միջև, սակայն լրագրողները նրանց հանդարտության կոչ էին անում  և պնդում, որ միմյանց մեղադրելով իրողությունները չեն պարզվի, առկա խնդիրներն էլ լուծել չի հաջողվի:

Թողնել պատասխան