Այսօրվանից տուգանք՝ տեխզննում չանցնելու համար

Այսօրվանից Վրաստանում «խելացի տեսախցիկները» տուգանելու են իրենց ավտոմեքենան տեխնիկական զննության չենթարկած վարորդներին։ Տեղեկատվությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, տուգանված մեքենայի սեփականատերը այդ մասին հեռախոսային տվյալների բազայում գրանցած հեռախոսահամարին կստանա կարճ հաղորդագրություն:

10 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում քաղաքացին կօգտվի 20 տոկոս զեղչով, սակայն, եթե սահմանված 10 օրվա ընթացքում չվճարվի տուգանքը, տուգանքի կտրոնը, ըստ գրանցված վայրի, հասցեատիրոջը կուղարկվի փոստի միջոցով:

Վրաստանի ողջ տարածքում արդեն տեղադրվել և արդյունավետ գործում է 1 441 տեսախցիկ, դրանք միացված են նախարարության միասնական ցացին: Տեսախցիկներից 795-ը նախատեսված է ընդհանուր նկարահանման համար, իսկ 646-ը այսպես կոչված «խելացի տեսախցիկներն» են:

2019 թվականի հունվարի 1-ից բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեխզննությունը պարտադիր է դարձել: