Ազգային փոքրամասնությունների խնդիրները վարչապետի ուշադրության կենտրոնում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար (ՀԺԱՄ) Կայրաթ Աբդրախմանովի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են ԵԱՀԿ կառույցների հետ Վրաստանի հաջող համագործակցությունը։ Հատկապես նշվել է ՀԺԱՄ գրասենյակի հետ համագործակցության ակտիվ դինամիկան։

«Վրաստանը բազմազգ երկիր է, որտեղ առանձնահատուկ նշանակություն ունի քաղաքացիական հավասարության և ինտեգրման քաղաքականության արդյունավետ իրականացումը։ Քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական ​​ռազմավարությունը, որը ստեղծվել է գրասենյակի ակտիվ ներգրավվածությամբ և համապատասխան գործողությունների պլանով, ուղղված է հավասար հնարավորությունների ստեղծմանը բոլոր քաղաքացիների համար՝ անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելիությունից» — ասել է Ղարիբաշվիլին:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ կրթական ոլորտը, որն ապահովում է որակյալ կրթություն մայրենի լեզվով, Վրաստանի և ՀԺԱՄ գրասենյակի միջև հաջող համագործակցության վառ օրինակ է:

«Էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում հատկանշական է նաև ազգային փոքրամասնություններին մայրենի լեզվով տրամադրվող տեղեկատվությունը, պետական ​​ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ իրազեկման լայնածավալ քարոզարշավները, մշակութային միջոցառումների խթանումը և այլն» — հավելել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք՝ երեկ ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Կայրաթ Աբդրախմանովի հետ հանդիպում էր ունեցել Սամցխե-Ջավախեթիից ընտրված պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սմբատ Կյուրեղյանը։